top of page

Թnւրքի առաջ խոնարհված պատգամավորը աչքներս էր մտցնում Շուռնուխի փորձը, բայց չի խոսում Արցախի օրինակից


«Սրանից «լավ հոտ» չի գալիս». այսպես են արձագանքում կիրանցեցիները գյուղի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Կիրանցում մտածում են, որ իրենց հեռախոսազանգերը լսում են իրավապահները, դրա համար կա՛մ չեն պատասխանում, կա՛մ վերապահումով են խոսում։

«Կորցնելուն արդեն կորցրել ենք, վախենալու բան չկա։ Մեր վախը մեր էրեխեքի համար ա, ադրբեջանցիները չմտնեն գյուղ, էրեխա չգողանան, դրանցից ամեն ինչ սպասելի ա»,- MediaHub-ին ասում է Կիրանց գյուղի երիտասարդներից մեկը։ 

Շուտով մեկ ամիս կլինի կիրանցեցիներն ապրում են ադրբեջանցիների հետ կողք կողքի։ Մեր զրուցակիցն ասում է՝ «մեկ շատանում են, մեկ քչանում, անհասկանալի բան է»։ Միջադեպի մեկ անգամ են ականատես եղել, երբ հայկական կողմը սահմանազատման համար ճանապարհի երկայնքով թիթեղյա պաշտպանական ցանկապատ էր տեղադրում։ Դրանից հետո միջադեպեր չեն եղել։ 

«Մենք մենակ մի բան գիտենք։ Էն ինչ տեղի է ունենում Կիրանցում, սա սկիզբն է, կինոն հետո է լինելու։ ՔՊ պատգամավորները, որ եկան մեր գյուղ, էն թուրքի առաջ խոնարհվողն աչքներս էր մտցնում Շուռնուխի օրինակը, որ «տեսեք, Շուռնուխում էլ նույն վիճակն է, բայց մարդիկ ապրում են չէ՞, պետք է հարևանություն անենք, որ հետո լավ բարեկամներ դառնանք»։ Բայց չեն բերում Ղարաբաղի օրինակը, որ ջահել տղային ճանապարհին սպանել են նրա համար, որ ինքը հայ ա»,- ասաց նա։ 

Կիրանցում անորոշության և արտագաղթի տրամադրություններ են։ Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց ընտանիքն էլ երկընտրանքի առաջ է, վերջնական դեռ չեն որոշել՝ մնա՞լ, թե՞ այնուամենայնիվ հեռանալ գյուղից։

bottom of page