Օգոստոսի 19-ին երկինք դուրս կգա «թառափային» լուսինը՝ գերլուսնի և «կապույտ» լուսնի համադրությունը
Այս տարվա ամենագրավիչ աստղագիտական իրադարձություններից մեկը՝ օգոստոսի 19-ին երկինք դուրս կգա «թառափային» լուսինը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Օգոստոսի 19-ին սպասվում է այս տարվա ամենագրավիչ աստղագիտական իրադարձություններից մեկը։ Երկնքում դուք կկարողանաք տեսնել «թառափային» լուսինը՝ գերլուսնի և «կապույտ» լուսնի համադրություն: «Թառափային» լուսին անվանումը կապված է հնդկական ցեղերի հետ, որոնք տարվա այս եղանակին թառափ էին բռնել Մեծ լճերում և այլ մեծ ջրավազաններում:
Գերլուսինները տեղի են ունենում տարեկան երեքից չորս անգամ: Նրանք սովորաբար հայտնվում են հաջորդականությամբ: Այս տարի սպասվում է չորս գերլուսին՝ օգոստոսի 19-ին, սեպտեմբերի 17-ին, հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 15-ին:
«Գերլուսին» տերմինն առաջին անգամ առաջարկել է աստղագետ Ռիչարդ Նոլը 1979 թվականին՝ նկատի ունենալով լիալուսինները, երբ Լուսինը գտնվում է Երկրին առավելագույն մոտության 90%-ի չափում: Նման պահերին Լուսինը մոտ 14%-ով ավելի մեծ և 30%-ով ավելի պայծառ է թվում, քան իր ուղեծրի ամենահեռավոր կետերում։ Այս լիալուսինները տարվա ամենամեծն ու ամենապայծառն են:
«Կապույտ» լուսին անունը կապ չունի գույնի հետ, այլ կապված է անգլերեն արտահայտության հետ՝ «once in a Blue Moon» («մեկ անգամ կապույտ լուսնի տակ», այսինքն՝ շատ հազվադեպ իրադարձություն):
Սեզոնային կապույտ լուսինը երրորդ լիալուսինն է չորս լիալուսնով աստղագիտական սեզոնի ընթացքում: «Կապույտ լուսինների» երկու տեսակ կա՝ սեզոնային և ամսական: Կապույտ լուսինը, որը տեղի կունենա օգոստոսի 19-ին, կլինի սեզոնային: Ըստ NASA-ի տվյալների հաջորդ սեզոնային կապույտ լուսինը սպասվում է 2027 թվականի մայիսին:
Գերլուսինների և կապույտ լուսիների համադրությունը բավականին հազվադեպ է: Նման իրադարձությունների միջև ընդմիջումը կարող է լինել մինչև 20 տարի, թեև միջինում դա տեղի է ունենում 10 տարին մեկ։ Նման լուսինների հաջորդ զույգը սպասվում է 2037 թվականի հունվարին և մարտին»,-նշել է նա։