Խաբկանքի կիսատ-պռատ փաստաթուղթը Հայաստանի իշխանությունը փորձում է որպես խաղաղություն ծախել․ Աբրահամյան
- Ani
- 6 hours ago
- 2 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը ԱԺ-ում․
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակումը գերիների, քաղաքական պատանդների և անհետ կորածների խնդրում նոր իրավիճակ է ստեղծել:
Կարմիր Խաչի ներկայացուցիչները ոչ միայն ֆիզիկապես հնարավորություն ունեին այցելելու Բաքվում գտնվող հայերին, ծանոթանալու նրանց վիճակին, ընտանիքի անդամների հետ կապ ապահովելու և այլն, այլև այդ կազմակերպության միջոցով է երկար տարիներ իրականացվել անհետ կորածների հետ կապված աշխատանքը:
Չնայած Ադրբեջանը հաստատել է ընդամենը 23 հայերի գերեվարության հանգամանքը, սակայն տարբեր նյութերով հիմնավորված է շուրջ 8 տասնյակ հայերի՝ Ադրբեջանում գտնվելը:
Թեև Կարմիր Խաչի գրասենյակի աշխատանքը պաշտոնապես ավարտվեց սեպտեմբերի 3-ից, սակայն սա անակնկալ չէր ու սրա մասին տևական ժամանակ է՝ խոսվում էր, բայց դա որևէ ազդեցություն չի թողել ՀՀ իշխանության գործողությունների և քաղաքական կամքի վրա:
Ի՞նչ է անում իշխանությունը գերեվարված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ՝ կեղծ դատավարությամբ Հայաստանի թիրախավորումը կանխելու, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ մեր հայրենակիցների հայրենադարձումը կազմակերպելու համար:
Պաթետիկ խոսքերից և որոշակի պարբերականությամբ ֆորմալ ու ոչինչ չասող տեքստերից բացի, այլ բան գոյություն չունի:
Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում գերիների, ռազմագերիների վերադարձի դրույթներ կային, սակայն աննախադեպ, պատմական հռչակված վաշինգտոնյան պայմանավորվածություններում այդ մասին ոչինչ չկա:
Որոշակի հակասական տեղեկատվություն առկա էր ԱՄՆ նախագահի անձնական նախաձեռնությամբ հայերի ճակատագրի ճշգրտման մասով, սակայն դա էլ ընթացք չստացավ:
Նման հումանիտար հարցերով ԱՄՆ նախագահը մի քանի անգամ դիմել է օրինակ՝ Բելառուսի ղեկավարին՝ կոնկրետ անձանց բանտերից ազատ արձակման մասով, ինչի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ հայտնվել են ազատության մեջ:
Ո՞րն է պատճառը, որ նույն պրոցեսը չկա Ադրբեջանում պահվող հայերի հարցում, հատկապես որ, նվազագույնը երևացող մակարդակում, Ադրբեջանի ու ԱՄՆ նախագահները ջերմ շփումների մեջ են:
Արդյոք չի ստացվո՞ւմ, որ Հայաստանի իշխանությունը շահագրգռվածություն չի դրսևորում, այս հարցը օրակարգային չի համարում, թույլ է տալիս, որ Ադրբեջանն այն որպես քաղաքական խաղաքարտ կիրառի ու Հայաստանից այս կամ այն զիջումը կորզի: Այո ՛, հենց այդպես էլ ստացվում է:
Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է հույսի, լավատեսության և խաբկանքի փաստաթուղթ, ինչը կիսատ-պռատ ստացել է ու փորձում է որպես խաղաղություն ծախել, իսկ Հայաստանի շահերը շոշափող, բովանդակություն ապահովող և երկարաժամկետ կայունության ու անվտանգության երաշխիքներ չկան, որովհետև իշխանությունն օրվա քաղաքական կուրսով է շարժվում, և առաջնայինը իր վերարտադրության ապահովումն է»: