Կյանքի նպատակ ունենալը 28 տոկոսով նվազեցնում է կոգնիտիվ խանգարումների հավանականությունը․ AJGP
- Ani

- Nov 11
- 1 min read

Մարդիկ, ովքեր իրենց կյանքում նպատակ եւ իմաստ են զգում, ավելի քիչ են բախվում հիշողության եւ մտածողության վատթարացմանը տարեց հասակում: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի հետազոտողները՝ գրեթե 14 հազար մարդկանց տվյալները վերլուծելուց հետո: Ուսումնասիրությունը հրապարակվել է «American Journal of Geriatric Psychiatry» (AJGP) ամսագրում:
Տարիքի հետ կոգնիտիվ ունակությունները՝ հիշողությունը, ուշադրությունը եւ մտածողության արագությունը, աստիճանաբար նվազում են: Սակայն այդ պրոցեսի տեմպերը մարդկանց մոտը տարբեր են: Սթրեսը, նստակյաց ապրելակերպը, վատ սնունդը եւ սոցիալական մեկուսացումը նպաստում են ուղեղի ֆունկցիայի վատթարացմանը:
Միչիգանի համալսարանի գիտնականները Նիկոլաս Հովարդի գլխավորությամբ որոշել են ստուգել, թե արդյոք կյանքում նպատակի զգացումը կարող է պաշտպանիչ գործոն լինել, որը պաշտպաննում է ուղեղը տարիքային փոփոխություններից:
Նրանք օգտագործել են Health and Retirement Study հետազոտության տվյալները, որը ներառել է 45 տարեկանից բարձր 13 765 մարդկանց, որոնք սկզբնական շրջանում կոգնիտիվ խանգարման նշաններ չեն ունեցել: Մասնակիցներին հետեւել են 15 տարի՝ գնահատելով նրանց հուզական վիճակը, կրթական մակարդակը, դեպրեսիան եւ գենետիկական ռիսկերը, ներառյալ Ալցհեյմերի հիվանդության հետ կապված APOE E4 գենի տարբերակը:
Դիտարկման ընթացքում մասնակիցների 13 տոկոսի մոտ կոգնիտիվ խանգարումներ են առաջացել։ Սակայն նրանք, ովքեր սկզբում ցուցաբերել են կյանքի իմաստի բարձր զգացում, 28 տոկոսով նման խնդիրների առաջացման ցածր հավանականություն են դրսեւորել, քան մյուսները, անգամ գենետիկական գործոնները եւ սոցիալ-ժողովրդագրական տարբերությունները հաշվի առնելուց հետո։
«Կյանքի նպատակի ուժեղ զգացում ունեցող մարդիկ ավելի հազվադեպ են բախվում դեմենցիային եւ ավելի երկար են պահպանում մտքի պարզությունը,- նշել են հեղինակները։- Նպատակի այս զգացումը զարգացնելը կարող է լինել կոգնիտիվ խանգարումները կանխելու արդյունավետ միջոց»։




















