top of page

Ի՞նչ է բոտուլիզմը եւ ինչո՞վ է այն վտանգավոր

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 2 min read

ree

Բոտուլիզմը սննդային թունավորման ծանր ձեւ է, որն առաջանում է, երբ բոտուլոտոքսինը (որն արտադրվում է Clostridium botulinum բակտերիայի կողմից թթվածնի ցածր պարունակության պայմաններում) հայտնվում է սննդի մեջ: Չնայած բոտուլոտոքսինը օգտագործվում է բժշկական եւ կոսմետիկ նպատակներով (բոտոքսի հիմքն է), այն մնում է մարդկությանը հայտնի ամենաուժեղ օրգանական թույներից մեկը։

Օրգանիզմում հայտնվելով՝ նյութն արգելափակում է մկանների կծկում առաջացնող նյարդային ազդանշանները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը: Ճիշտ օգտագործման դեպքում այն ​​կարող է բուժել սպազմները, հարթեցնել մաշկը եւ նույնիսկ կանխել միգրենը: Սակայն եթե նեյրոտոքսինը հայտնվում է բաց վերքի կամ ստամոքսի մեջ, մարդու մոտ առաջանում է նյարդային համակարգի լուրջ ախտահարում. ուղեղից եկող ազդանշանները դադարում են հասնել մկաններին, ինչը հանգեցնում է կաթվածի: Ամենից հաճախ տուժում են կուլ տալու, խոսքի եւ շնչառության համար պատասխանատու հյուսվածքները:

Այս վիճակն էլ անվանում են բոտուլիզմ։ Վաղ ախտանշաններն են հոգնածությունը, թուլությունը եւ գլխապտույտը՝ տեսողության հետագա մթագնմամբ, բերանում չորության զգացողությամբ եւ  կուլ տալու եւ խոսելու հետ կապված դժվարություններով։ Պացիենտների մոտ կարող են առաջանալ նաեւ փսխում, լուծ եւ որովայնի փքվածություն։ Սովորաբար առաջին ախտանշաններն առաջանում են թունավորումից արդեն 12-36 ժամ հետո, եւ թեեւ մարդիկ հազվադեպ են հիվանդանում բոտուլիզմով, դրա պատճառով մահացության աստիճանը բարձր է (դեպքերի 5-10 տոկոսն ավարտվում է մահվամբ)։ Երբ բոտուլիզմը առաջին անգամ գրանցվեց Գերմանիայում 1793թ․, 13 վարակվածներից ողջ մնաց միայն յոթը։ Վաղ ցուցաբերված բժշկական օգնությունը (հակատոքսինի ներարկում եւ անհրաժեշտության դեպքում՝ միացում արհեստական շնչառության սարքին) խիստ կարեւոր է պացիենտի կյանքը փրկելու համար, ուստի թունավորման առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

Սեփական անձն ու մերձավորներին պաշտպանելու համար կարեւոր է զգուշություն ցուցաբերել։ Քանի որ մանրէները արտադրում են նեյրոտոքսին անօդ միջավայրում, «Ռոսպոտերբնադզորը» խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հերմետիկ փաթեթավորված տնային պահածոներին՝ պատրաստված սնկից, բանջարեղեններից, մրգերից, մսից եւ թռչնամսից (այդ թվում եւ պաշտետներ), ինչպես նաեւ գործարանային արտադրության պահածոներին, եթե բանկան ուռած է, աղ դրած եւ ապխտած ձկանը, խոզի ճարպին եւ սպիտակուցային այլ մթերքների։  Ինչպես ՏԱՍՍ-ին բացատրել է «Ռոսբիոտեխի» ամբիոնի վարիչ Դմիտրի Կուլիկովը, ուտելիքում բոտուլոտոքսինի առկայության նշան կարող է լինել բանկայի պարունակության պղտորումը կամ պղպջակնեըր դրանում (թեեւ նշաններից ոչ մեկը թույնի առկայության կամ բացակայության 100 տոկոսանոց երաշխիք չի տալիս)։ Մանրէն հաստատ սպանելուն կօգնի մթերքները եռացնելը. այն ոչնչանում է +100 °С ջերմաստիճանում, 5-15 րոպեի ընթացքում, +80 °С-ում՝ կես ժամվա ընթացքում։

bottom of page