top of page

Viva-ի աջակցությամբ Պոլիտեխնիկական համալսարանում հիմնվել է հեռահաղորդակցության լաբորատորիա

  • Writer: Ani
    Ani
  • 18 hours ago
  • 3 min read

ree

Viva-ն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնվել է ուսումնական լաբորատորիա, որտեղ ստեղծվել է բջջային ցանցի միկրոենթակառուցվածք՝ շարժական կապի ծառայություններ մատուցելու իրական հնարավորությամբ։ Լաբորատորիան գործում է Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի՝ «Ռադիոսարքավորումներ և կապի համակարգեր» ամբիոնի ներքո, ուսանողներին գործնական պայմաններում ծանոթացնելու հեռահաղորդակցային ժամանակակից տեխնոլոգիաների հիմունքներին։ Դասընթացավարն է Viva-ի Տեխնիկական վարչության աշխատակից, ամբիոնի ասպիրանտ Նինա Դավթյանը։

Ուսումնական լաբորատորիայում ճշգրտորեն վերարտադրվել է շարժական կապի ենթակառուցվածքը՝ իր բոլոր հանգույցներով․կապի տարբեր սերունդների հաճախականությունների տիրույթում գործող երկու հիմնական կայան, դրանց միացումն ապահովող օպտիկամանրաթելային և միկրոալիքային կապ, էլեկտրասնուցման փոփոխական աղբյուր՝ էլեկտրական բաշխիչ ցանցից, և հաստատուն աղբյուր՝ հատուկ մարտկոցների միջոցով։

ree

Լաբորատորիան ներառում է նաև բջջային հեռախոսներ, որոնք գրանցված են ներքին ցանցում և հնարավորություն ունեն իրականացնել ձայնային կապ, օգտվել ինտերնետ հասանելիությունից և թվային ծառայություններից։ Բացի այդ, ուսանողները կարող են փորձարկել VoLTE (Voice over LTE) տեխնոլոգիան, որն այսօր հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին՝ ապահովելով բարձրորակ ձայնային կապ: Այլ կերպ ասած՝ ուսումնական լաբորատորիայի տարածքում գործում է կապի անկախ մինիօպերատոր, որն ապահովում է ինչպես դասական շարժական կապի ծառայությունների, այնպես էլ նորագույն ձայնային տեխնոլոգիաների փորձարկման հնարավորություն։

ree

Լաբորատորիան ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է․ արդիականացվել է ջեռուցման համակարգը, թարմացվել է լուսավորության համակարգը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, տրամադրվել են համակարգիչներ և ապահովվել է անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածք։

Նախագծի իրականացման համար հիմք է հանդիսացել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ․ մայիսի 3-ի որոշումը։

«Բարձրագույն մասնագիտական կրթությունը պետք է լինի գործնական և ուսանողին ապահովի իր նախընտրած ոլորտի վերաբերյալ ամբողջական ու ժամանակակից գիտելիքներով։ Տեխնոլոգիական առաջատար երկրներում մասնագիտական ամբիոնները գործակցում են ընկերությունների հետ՝ համադրելով տեսությունը, հիմնարար գիտությունը և գործնական հմտությունները, ապահովելով սահուն անցում բուհից դեպի արտադրություն ու ծառայությունների մատուցում։ Հենց այս գաղափարն է ընկած ուսումնական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնության հիմքում․ ոլորտը կարգավորող մարմինը՝ ՀԾԿՀ-ն, Պոլիտեխնիկական համալսարանը և Հայաստանի առաջատար օպերատորը՝ Viva-ն, համագործակցում են կրթության այնպիսի մոդել ձևավորելու գործում, որտեղ ակադեմիական գիտելիքը սերտորեն կապվում է իրական արտադրական միջավայրի, ընկերությունների փորձի և շուկայի պահանջարկի հետ: Ողջունելի է, որ այս հարցում կարգավորող մարմինը, մասնավոր հատվածն ու բարձրագույն կրթության համակարգը կիսում են միևնույն տեսլականը և համագործակցում՝ բարձրագույն կրթության ասպարեզում պետության քաղաքականության շրջանակում։ Վերը նշվածից բացի՝ Viva-ն մեծ կապվածություն ունի Պոլիտեխնիկական համալսարանի հետ, քանի որ ընկերության աշխատակիցների մի մասը հենց Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներ են, որոնց թվում նաև կան դասավանդողներ», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

ree

«Այսօր կարող ենք վստահ արձանագրել, որ ընկերությունը հանձնաժողովի որոշմամբ ստանձնած պարտավորությունը լիարժեք իրագործել է։ Ուսանողներն օգտագործելով լաբորատորիայի հնարավորությունները, որն իրենից ըստ էության ներկայացնում է շարժական բջջային կապի լիարժեք ծառայություններ մատուցող օպերատորի մոդել, ուսումնառության ընթացքում կստանան գործնական գիտելիքներ և կիրառական փորձառություն, ինչը կնպաստի որպես որակյալ և մրցունակ մասնագետների, հետագայում առավել արդյունավետ կերպով ընդգրկվել հեռահաղորդակցության ոլորտի աշխատանքային գործունեության մեջ», - նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

ree

«Այսօր շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում մեր համալսարանում: Մենք բացում ենք հերթական մասնագիտական լաբորատորիան, որը երկու կարևորագույն ուղերձ է փոխանցում: Առաջինը՝ սա խոր բովանդակությամբ և կահավորվածությամբ լաբորատորիա է: Մենք կահավորել ենք ֆիզիկական չափերով փոքր, բայց բովանդակությամբ մեծ լսարան: Հաճախ հակառակն է լինում՝ կահավորվում են մեծ տարածքներ՝ 0-ական բովանդակությամբ: Այսօր խոսքը բացառապես բովանդակության մասին է: Այնպիսի բովանդակության, տեխնոլոգիական նորարար սարքերով ապահովված ու կահավորված լաբորատորիայի մասին, որտեղ ուսանողը կարող է պրակտիկ կրթություն ստանալ: Եվ մասնավոր՝ հեռահաղորդակցության և ռադիոկապի ոլորտների համար դառնալ պատրաստված ինժեներ, որը կաշխատի առաջին իսկ օրվանից, ոչ թե աշխատանքի առաջին օրվանից կմտածի սովորելու մասին: Երկրորդ կարևորագույն ուղերձը ինստիտուցիոնալ համագործակցության մասին է՝ պետություն-մասնավոր ընկերություն-կրթական կառույց: Ըստ էության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս կարևորագույն որոշումը, մոտեցումն ու աջակցությունը հնարավորություն ստեղծեց, որ Viva ընկերությունն ու Պոլիտեխնիկական համալսարանը խորացնեն համագործակցությունը բուն կրթական, հետազոտական և մասնագիտական գործունեության միջոցով: Ես շատ ուրախ եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Viva ընկերությունն այս աջակցությունը համալսարանում տեսնելու համար: Ես վստահաբար կարող եմ արձանագրել, որ այստեղ տեղադրված տեխնոլոգիական նորարար սարքերը, որոնցով մենք ապահովելու ենք ներկա և ապագա ուսանողների կրթությունը, հնարավորություն կստեղծեն, որ մեր ուսումնական և առարկայական ծրագրերի մեջ որոշակի բովանդակային բարեփոխումներ անենք: Շատ հաճախ, երբ խոսում ենք կրթության որակի մասին, ասում ենք՝ պետք է փոխվեն ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը: Բայց ինչի՞ արդյունքում, ի՞նչ ենթակառուցվածքների արդյունքում: Այսօր կարող ենք արձանագրել, որ Պոլիտեխնիկն ունի նոր լաբորատորիա, որի ռեսուրսների և հնարավորությունների միջոցով մենք կարող ենք բովանդակային բարեփոխումներ իրականացնել», - նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

1/2363
bottom of page