top of page

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jul 20, 2024
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ  տեղեկություններ են ստացվել, որ Արամ Խաչատրյան 23 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների պետերը ճշտել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Վարդան Դավթյանն է:Դեպքի վայրից քիչ այն կողմ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոեմեքենայի սրահում առկա են կրակոցի հետքեր:Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է: 

bottom of page