ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ ԱՄՆ-ի մատը խառն է Հանիեի սպանության մեջ
Իրանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Խալեդ ալ Քադումին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նա ԱՄՆ-ին անվանել է Իսրայելի գլխավոր հանցակից։
Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն սպանվել էր հուլիսի 31-ին՝ Թեհրանում, որտեղ գտնվում էր՝ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ նրա սպանության համար պատասխաանատվություն են կրում Իսրայելն ու ԱՄՆ-ն, Իրանը հայտարարել էր, որ իրավունք ունի պատասխանելու այդ ագրեսիային։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել էր, որ ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության և դրանում Իսրայելի մասնակցության մասին։ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչներն էլ հրաժարվվել էին մեկնաբանելտեղի ունեցածը։ «ԱՄՆ-ը ներգրավված չէ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան մեջ», -ավելի ուշ հայտարարել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը։
«Եղած փորձից ելնելով՝ ակնհայտ է՝ առանց ԱՄՆ-ի թույլտվության՝ նման իրադարձություն չէր կարող տեղի ունենալ։ Հակասություն կա ԱՄՆ-ի ասածի և արածի միջև։ Այդ հակասությունն ու Իսրայելի առջև նրանց վառած «կանաչ լույսը» հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ ԱՄՆ Պաղեստինում ցեղասպանության և սպանությունների հիմնական և ակտիվ հանցակիցն ու մասնակիցն է»,- այս առնչությամբ ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ ալ Քադումին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այս քաղաքականության հետևանքով է Մերձավոր Արևելքում լարվածության աճ գրանցվել։