Արցախը թուրքին հանձնած մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում. իմ տուն-տեղը, Գանձասարն եմ թողել, եկել, դրանց հետ ի՞նչ խոսեմ. Հայր Սահակը վստահեցնում է՝ Ալեն Սիմոնյանին պատահական է հանդիպել Տաթևի վանքում
- Ani

- Nov 11
- 1 min read

Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սյունիք էր այցելել, եղել նաև Տաթևի վանքում։ Տաթևի վանքից նա լուսանկարներ էր հրապարակել Հայր Միքայելի ու Հայր Սահակի հետ, և շատերի մոտ այն տպավորությունն էր, որ Հայր Սահակը, ով Արցախի Գանձասարի վանահայրն էր, ջերմ ընդունելության է արժանացրել եկեղեցուն դեմ դուրս եկած իշխանության ներկայացուցիչներին։
Տաթևի վանական համալիրի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, սակայն, նա հերքեց բոլոր լուրերը, թե հատուկ հանդիպել է Ալեն Սիմոնյանին. նրանց հանդիպումը պատահական է եղել։
«Պատահական եմ հանդիպել, քայլել ենք, ո՛չ աղոթք եմ արել, ո՛չ օրհնել եմ, ո՛չ խոսել, այգում աշխատում էին աշխատողները, գնացել էի նայելու, հետվերադարձի ճանապահին տեսա, որ այնտեղ է, թեև նախապես զանգել ասել էին, որ Արարատ Միրզոյանն է գալիս, ես իմ ծառայության մեջ էի, այգուց էի գալիս, մեկ էլ տեսա Ալեն Սիմոնյանն իջնում է, մինչ այդ՝ մարզպետի հետ էի խոսում, Տաթևի համայնքապետ Լալայան Սամվելի հետ էի խոսում, ասացի՝ բա ասում էիք Արարատ Միրզոյանն է գալիս, սա է եղել»,- ասաց Հայր Սուրբը։
Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը նշեց՝ ՔՊ-ականների հետ խոսելու ոչինչ չունի։
«Որպես արցախցի՝ Արցախը կորցնելուց հետո ես այս մարդկանց հետ ի՞նչ պետք է խոսեմ, խոսելու բան չունեմ։ Ես չեմ կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսելու։ Բարևել եմ ու անցել-գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու, աղոթք անելու, ճաշի նստելու ո՛չ ցանկություն եմ ունեցել, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ, ես նման մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում։ Ես իմ տուն-տեղը, Գանձասարը թողել, եկել եմ այստեղ, դրանց հետ ի՞նչ խոսեմ»,- նշեց Հայր Սահակն՝ ընդգծելով՝ այս իշխանության նպատակը եկեղեցին ջլատելն է։




















