ԿԿՀ-ն Նոյեմբերյանի համայնքապետի մասով վարույթի վերաբերյալ որոշում է ընդունել. «Ժողովուրդ»
- Ani

- 7 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում է ընդունել։
Բանն այն է, որ «Հետքը»-ը պարզել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով, ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ: Հետաքրքիրն այն է, որ համայնքի ղեկավարի զավակները հաշվառված են նույն հասցեում, ինչ օգնականը: Երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի:
«Սխալմունքներ»՝ Նոյեմբերյան համայնքում
Հանձնաժողովն արձանագրել է, որ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի՝ 2024թ. մարտի 14-ի որոշմամբ համայնքի բյուջեից 180 հազար դրամ է տրամադրվել «Կամո Մամյան» ԱՁ-ին։
Փոխանցման նպատակը եղել է Նոյեմբերյան քաղաքում «Ապրելու երկիր» կուսակցության հանդիպման համար անհրաժեշտ միջոցառման ծախսերի ապահովումը։ Ըստ որոշման՝ հանդիպումը եղել է նույն տարվա փետրվարի 21-ին։
Աղաբաբյանը լրատվականին հայտնել է, որ գումարի փոխանցումը կատարվել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների հետ նախատեսված հանդիպման եւ այդ միջոցառման ծախսերը հոգալու նպատակով։ Սակայն, նրա պարզաբանմամբ, որոշման մեջ տեղի ունեցած փաստաթղթային սխալի հետեւանքով սխալմամբ գրվել է «Ապրելու երկիր» կուսակցություն։ Հարկ է նշել, որ Աղաբաբյանը համայնքապետ է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակով։
Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանման մեջ եւս Աղաբաբյանը նույն հիմնավորումն ու պատճառաբանությունն է բերել։
Այս «սխալմունքը» հաշվի առնելով՝ Հանձնաժողովը եզրակացրել է, որ Աղաբաբյանը չի կատարել մասնավոր շահով պայմանավորված գործողություն, որը կարող էր հանգեցնել օրենքի խախտման։
Արդյունքում, Հանձնաժողովը եզրակացրել է ՀՀ Տավուշի մարզի նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գործողություններում շահերի բախման իրավիճակի բացակայության մասին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















