Ադրբեջանը կարևոր քայլ արեց. իմ գնահատանքի խոսքն եմ ասում նախագահ Ալիևին. Փաշինյան
- Ani
- 3 hours ago
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Թբիլիսիում մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։
Համաժողովին մասնակցում են նաև Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերը։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց վրացի իր գործընկերոջը՝ միջոցառմանը հրավիրելու և ջերմ ընդունելության համար։
«Ինձ համար մեծ պատիվ է երկրորդ անգամ մասնակցել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, որն իր անվանը հատուկ հասցրել է դառնալ տարբեր երկրների պաշտոնյաների, մասնավոր հատվածի և միջազգային փորձագետների շփումների և նոր գաղափարների բացահայտման կարևոր հարթակ։ 2023 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, հենց այս հարթակից առաջին անգամ ներկայացրեցի ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այնուհետև ստացավ միջազգային մեր գործընկերների հավանությունն ու աջակցությունը»,-ելույթի իր խոսքում ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ այդ նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունը ՀՀ տարածքով զարգացնելն էր, ոչ միայն դեպի Վրաստանի և Իրանի ուղղությամբ, այլև՝ Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ՝ նրանց հետո սահմանի բացումով։
Փաշինյանն ուրախությամբ արձանագրեց, որ այդ ուղղությամբ հաջողություններ ունենք.«2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ Վաշինգտոնում Ադրբեջանի նախագան ու ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիր, որը, որպես վկա, ստորագրեց նաև նախագահ Թրամփը։
Հռչակագրի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց. նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով ՀՀ է ներմուծվում հացահատիկ։ Սրա համար ուզում եմ գնահատանքիս խոքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»։
Փաշինյանը նաև հավելեց, որ ՀՀ-ն հաստատում է իր վճռականությունը՝ բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցառումները Խաղաղության հռչակագրի նպատակին արագ հասնելու համար։