Ստամբուլում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը
- Ani

- 2 hours ago
- 1 min read

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, այն տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը:




















