«Արսենալի» գլխավոր մարզիչը նշել է, թե ինչն է իրեն ամենաշատը զարմացրել «Ատլետիկոյի» դեմ հաղթական խաղում
- 2 hours ago
- 2 min read

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0, երկու խաղերի արդյունքում՝ 2-1).
«Ապշեցուցիչ երեկո է։ Ֆուտբոլիստների և ակումբի ողջ անձնակազմի հետ նման պահեր ապրելն անհավանական զգացողություն է: Սա իմաստավորում է այն ամենը, ինչ մենք անում ենք և ինչի միջով անցնում ենք։ Ես տեսնում եմ բազմաթիվ երջանիկ դեմքեր, որոնք հպարտանում են մեր կատարած աշխատանքով։
Ամեն ինչ անհավանական էր հենց սկզբից. երկրպագուները, որոնք մեզ սպասում էին մարզադաշտի մոտ, նրանց փոխանցած էներգիան ու կիրքը… այնպես որ, այս հաղթանակը պարզապես հիասքանչ էր։
Երկրպագուները, միանշանակ, արդարացրին սպասելիքները. նրանք նշաձող սահմանեցին, իսկ մենք փորձում էինք հասնել նրանց։ Մենք երկար տարիներ պայքարել ենք նրանց այս ուրախությունը վերադարձնելու համար, և հիանալի էր նրանց աչքերում հպարտություն տեսնելը։
Ի՞նչն ինձ ամենաշատը զարմացրեց: Միասնականությունը։ Շատ դժվար էր որոշակի որոշումներ կայացնելը, և ես շատ եմ ցավում տղաների համար։ Գիտեմ, թե ընդհանուր առմամբ որքան լավ մարդիկ են նրանք։ Ցերեկը զրուցել եմ նրանցից մի քանիսի հետ, ներողություն եմ խնդրել և ասել. «Ես խաղադաշտ դուրս կբերեմ նույն կազմը»։ Արձագանքն ակնթարթային էր. «Բոս, ես այստեղ եմ, երբ իմ կարիքն ունենաս», և նրանք գրկեցին ինձ:
Բուկայո Սակայի հաղթակա՞ն գոլը: Դա պետք է լիներ շատ յուրահատուկ մեկը, և, անշուշտ, նա շատ յուրահատուկ է ինձ, տղաների և այս ակումբի հետ կապված բոլորի համար: Եթե ինչ-որ մեկը պետք է խփեր այս գոլը, ապա, հավանաբար, հենց նա պետք է լիներ:
Էլիտար սպորտում, և հատկապես ֆուտբոլում, դու պետք է միշտ խաղի մեջ լինես, և երբեք չգիտես, թե ինչ կբերի հաջորդ ակնթարթը։ Մենք անընդհատ փորձում ենք կատարելագործվել և աշխատել մեզ վրա։ Ես նաև շատ քննադատաբար եմ մոտենում ինքս ինձ, իսկ երբ որոշակի ֆուտբոլիստներ սկսում են մասնակցել խաղին և հասանելի են դառնում, դա մեծ նշանակություն ունի:
Վիկտոր Յոկերեսն անհավանական էր։ Դուք տեսնում եք երկրպագուների արձագանքն ամեն անգամ, երբ նա ստանում է գնդակը։ Նրա աշխատունակությունը և այն, ինչ նա տալիս է թիմին, պարզապես անհավատալի են:
Պաշտպանությունն աներևակայելի էր։ Դուք խոսում եք Յոկերեսի մասին, իսկ նա առաջինն է, որը ռիթմ և տոն է հաղորդում ողջ պաշտպանությանը։
Ասում են՝ հարձակո՞ւմն է հաղթում խաղերը, իսկ պաշտպանությունը՝ տիտղոսնե՞րը: Դե ինչ, եկեք փորձենք», - Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ «Արսենալը» 20 տարվա դադարից հետո դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ ականջավոր գավաթը կխաղարկի «Բավարիա» - ՊՍԺ զույգի հաղթողի հետ։




















