Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է
- 1 hour ago
- 2 min read

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ ՀՀ Զինվորական դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մասին տվյալները հասանելի չեն համակարգում։ Գործը դատարան է ստացվել ապրիլի 14-ին, մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին։
Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝
Հոդված 549 մաս 3՝ Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն առաջացրել է հանցանքի կամ այլ իրավախախտման պարտակում կամ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Հոդված 436 մաս 1՝
Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կիրառված խափանման միջոցը, ապացույցները և գործի հետագա ընթացքը
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Գործով ապացույցները՝ մեկ կնիքված փաթեթ, Քր. գործի հետ տրվել է դատավորին։ Քրեական գործը վարույթ ընդունելու և դատական նիստեր նշանակելու մասին որոշման վերաբերյալ տեղեկություններ դեռևս առկա չեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















