«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ
- 14 hours ago
- 1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի տվյալներով՝ 2001–2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները և դիրքը, կազմակերպել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, այս մասին փոխանցում է «Փաստինֆոն»։
Ըստ նախաքննության՝ նա իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է աշխատանքի, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի։ Չնայած դրան՝ բժշկական կենտրոնի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կազմվել են կեղծ փաստաթղթեր աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որոնց հիման վրա այդ անձինք ստացել են աշխատավարձ։
Արդյունքում՝ պետությանը պատկանող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս։
Կոմիտեի տվյալներով՝ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագներով՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։
Նշվում է, որ նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը։ Նրա և ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, իսկ գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազություն՝ դատարան ներկայացնելու համար։




















