«Փաստ». Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է
- 4 hours ago
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 7-ից հետո Հայաստանում ամենից նկատելի կերպով փոխվել է միայն այն, որ ընդդիմադիր լիդերների ու ոչ միայն լիդերների դեմ հաշվեհարդարի նախընտրական սպառնալիքները սահուն դարձան «հետընտրական սպառնալիքներ» ու քաղաքական հետապնդումներ: Գիտեք, Փաշինյանը կամ իր դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև Դավիթ Ղազինյանին՝ «Ուժեղ Հայաստանից», ու ևս երեք անձի անձեռնմխելիությունից զրկելու և նրանց դեմ քրեական վարույթ իրականացնելու թույլտվության համար: ԿԸՀ-ն, բնականաբար, բավարարեց միջնորդությունները: Ով էլ կասկածեր:
Բայց ինչն է հատկանշական. դատախազությունը և այլ «կից իրավապահ կառույցները» այնքան են խառնված, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները ամեն գնով կատարելու համար գնացել... 22 տարի առաջվա ինչ-որ գործարք և կառավարության որոշում են պեղել: Հասկանալի է՝ որպեսզի դա օգտագործեն Քոչարյանի դեմ: Այսինքն, բերել են մի բան, որի բոլոր հնարավոր վաղեմության ժամկետներն էլ են անցած, և որի մեջ կրիմինալ բովանդակություն էլ չկա, ինչպես նշում են փաստաբանները: Դատարկություն, էլի:
Ընդհանրապես, այս ամբողջ հակաիրավական «վակխանալիան» շատ ծիծաղելի կլիներ, եթե երկիրն ու հասարակությունը նման վիճակի մեջ չլինեին: Եվ այն, որ այս ամենը «փուչիկ աղմուկ» է, «շոու», մեկ անձի պատվեր, ամենից ուժեղ վկայում է հենց նույն Փաշինյանի երեկվա ծայրահեղ անհավասարակշիռ վիճակը՝ ջարդելու, ջախջախելու ու նման բաների մասին արտահայտություններով, մարդկանց փողոց ելնելու, հեղափոխություն անելու կոչերով (եթե համաձայն չեն իր հետ): Եթե մարդիկ փողոց ելնեն էլ, ապա հաստատ ոչ Փաշինյանի կոչերով ու «բոլոր միջոցներով» ջարդուխուրդ անելու նրա սպառնալիքների պայմաններում: Մարդիկ «փողոց ելել» են՝ առնվազն 730 հազար մարդ գնացել և քվեարկությամբ մերժել է ՔՊ-ին: Այսինքն, կարծիքն արդեն ասել է, որի հետ պետք է հաշվի նստել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















