top of page

Հայտնի է «Սանիթեք»-ի և Հայաստանի միջև դատական վեճի վճիռը

  • 2 hours ago
  • 1 min read

2026 թվականի մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: 


««Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Հայցվորները 2021 թվականի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիբանանի Հանրապետության Կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։ 


Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։ 


Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեք»-ին փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։ Տրիբունալը անհիմն է համարել նաև Հայցվորների այն պնդումը, թե 2018 թվականին կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեք»-ի դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։ 


Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Տրիբունալի վճիռը, որը վերահաստատում է, որ պետության կողմից պայմանագրային իրավունքների և իր քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների ողջամիտ իրականացումը չի կարող հանգեցնել միջազգային պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրության մեջ:

1/2710
bottom of page