«Տպավորիչ ու հուզիչ էր ներկա գտնվել Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ «Դը Գոլ» ֆիլմի ցուցադրությանը». Սաթենիկ Հազարյան
- 14 hours ago
- 3 min read

Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ «Դը Գոլ» կենսագրական դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի 79-րդ կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմի ռեժիսորը Անտոնին Բոդրին է: Ֆիլմը գեներալ Շառլ դը Գոլի տեսանկյունից անդրադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռորոշ դրվագներին:
Սիմոն Աբգարյանն ու խաղընկերներն անցել են կինոփառատոնի կարմիր գորգով: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը:
Tert.am Life-ը տպավորությունների մասին զրուցել է դերասանուհու հետ, ում համար Կաննի կարմիր գորգին հայտնվելն ամեն անգամ նոր զգացողություն ու հաճույք է:
«Կինոն երբեմն դառնում է ոչ միայն դիտում, այլ ապրում». Սաթենիկ Հազարյան
«Այս օրերին դեռ գտնվում եմ Կաննի կինոփառատոնում։ Թեև Կանն ինձ համար նոր վայր չէ, և մի քանի անգամ արդեն ունեցել եմ այստեղ գտնվելու հնարավորություն, ամեն վերադարձ այս քաղաք մի նոր զգացողություն է բերում։ Ամեն անգամ վերադառնալիս թվում է՝ կինոն նորից է բացվում ինձ համար։ Այս անգամ հատկապես տպավորիչ ու հուզիչ էր ներկա գտնվել Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ «La Bataille de Gaulle : L’Âge de fer» ֆիլմի ցուցադրությանը։ Հրավիրված էի Կաննի և շրջակա տարածքների հայերի միության նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանի կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ֆիլմը դիտելիս շատ էի հուզվել։ Ցուցադրության ընթացքում բարձրացվեց հայկական դրոշը, և այդ պահը շատ երկար կմնա ինձ հետ։ Երբ հայրենիքից հեռու ես, նման պահերը լրիվ ուրիշ կերպ են զգացվում։ Ֆիլմն ինձ շատ դուր եկավ։ Որպես դերասանուհի՝ ես միշտ ուշադրություն եմ դարձնում ոչ միայն պատմությանը, այլ նաև դերասանի ներքին աշխատանքին, լռություններին, հայացքին։ Սիմոն Աբգարյանի խաղն ինձ համար շատ ազդեցիկ էր։ Նա պարզապես կերպար չէր մարմնավորում, այլ փոխանցում էր այդ մարդու ներքին ծանրությունը, պատասխանատվությունը, լռությունը։ Խաղի մեջ կար շատ զսպվածություն, բայց հենց դա էր ինձ համար ուժեղ աշխատում։ Երբեմն ամենամեծ էմոցիան հենց չասվածի մեջ է լինում։ Ուրիշ հաճույք էր նաև ֆիլմը դիտել Յասմինի հետ՝ հայ հիասքանչ կնոջ, ով ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, բայց իր մեջ այդքան սիրով ու ջերմությամբ պահում է հայկականությունը։ Այդ երեկոն իր մեջ ուներ և՛ կինո, և՛ հայկական ջերմություն։ Կարմիր գորգին այս անգամ կրում էի նաև հայ դիզայներ Եվա Մեջլի զգեստը։ Ինձ համար միշտ կարևոր է, որ նման միջազգային հարթակներում հնարավոր լինի ներկայացնել նաև հայկական անուններ։ Զգեստը շատ նուրբ էր, կանացի և ամբողջությամբ համապատասխանում էր այդ օրվա տրամադրությանը։ Ուրախ էի, որ այդ օրը Կաննում իմ մեջ նաև մի փոքր Հայաստան կար։ Իսկ կարմիր գորգի ու այս օրերի գեղեցիկ պահերը ֆիքսել է հայ լուսանկարիչ Ասատուր Եսայանցը, ում շնորհիվ այս հիշողությունները մնացին նաև կադրերում։ Ես միշտ ասում եմ՝ կինոն ու թատրոնը պարզապես իմ աշխատանքը չեն։ Ես սիրում եմ ու ապրում եմ իմ կյանքը կինոյում ու թատրոնում։ Եվ երևի հենց դրա համար նման օրերը ինձ համար պարզապես փառատոնային օրեր չեն, այլ հիշողություններ, որոնք երկար մնում են սրտում»։
Ֆրանսիայի հայկական համայնքը ևս անդրադարձել է ֆիլմի ցուցադրությանն ու կիսվել տպարվորությունների մասին.
««La Bataille de Gaulle»՝ Անտոնեն Բոդրիի պատմական մեծածավալ ֆիլմը, երեկ երեկոյան Կաննում ցուցադրվեց միջազգային պրեմիերայով՝ արտամրցութային ծրագրում։ Ֆիլմն առանձնանում էր իր տպավորիչ պատկերներով և հնչյունային լուծումներով, և, իհարկե, մեզ համար մեծ հպարտություն էր տեսնել Սիմոն Աբգարյանին, ով փայլուն կերպով մարմնավորեց «Գեներալին»՝ հանդես գալով Մաթյե Կասովիցի, Բենուա Մաժիմելի, Նիլ Շնայդերի, Անամարիա Վարտոլոմեյի և երիտասարդ տաղանդավոր դերասան Ֆլորիան Լեզյեի կողքին։ Սա ուժեղ ֆիլմ է, որը ցույց է տալիս, թե որքան անսահման է սերը Ֆրանսիայի հանդեպ և հավատը նրա ճակատագրին սնուցեցին այս մեծ պատմական գործչի՝ 20-րդ դարի հսկայի անսասան կամքը, ով բոլոր դժվարությունների դեմ պայքարելով առաջնորդեց երկիրը դեպի փրկարար հաղթանակ։ Ո՞վ կարող էր ավելի լավ մարմնավորել «Գեներալին», եթե ոչ Սիմոն Աբգարյանը։ Grand Auditorium Lumière-ի ամբողջ դահլիճը ճանաչեց նրան և ոտքի կանգնած երկար ծափահարություններով ողջունեց՝ լիովին արժանի գնահատականով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։
Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի կինոռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։




















