Թուրքիա-ԵՄ հարաբերություններն առանցքային նշանակություն է ձեռք բերում տարածաշրջանային փոփոխությունների ֆոնին. Էրդողան
- 12 hours ago
- 1 min read

Տարածաշրջանային վերջին իրադարձությունները կրկին ընդգծել են Թուրքիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունների աշխարհաքաղաքական նշանակությունը։ Ստամբուլում Բելգիայի թագուհի Մաթիլդայի հետ հանդիպման ժամանակ դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Մաքսային միության արդիականացումը՝ համապատասխան ընթացիկ պայմաններին, «արագ առաջընթաց պահանջող առանցքային ոլորտ է» դեպի ԵՄ Թուրքիայի լիիրավ անդամակցության ճանապարհին։
Ինչպես հայտնում է Թուրքիայի հաղորդակցության վարչությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Բելգիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ «Նախագահ Էրդողանը միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիայի մասնակցությունը ԵՄ պաշտպանական նախաձեռնություններին բխում է բոլոր կողմերի փոխադարձ շահերից»։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Բելգիան համագործակցության զգալի ներուժ ունեն ոլորտների լայն շրջանակում, ներառյալ առևտուրը, պաշտպանական արդյունաբերությունը, էներգետիկան և գյուղատնտեսությունը՝ հավելելով, որ երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը կշարունակվեն։




















