ՌԴ-ի նոր սահմանափակումը՝ Հայաստանի նկատմամբ․ արգելվում է կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումը
- 5 hours ago
- 1 min read

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») 2026 թվականի հունիսի 12-ից արգելում է Հայաստանից բոլոր տեսակի կարանտինային հսկողության ենթակա ապրանքների ներկրումը։
Սահմանափակումը տարածվում է ինչպես անմիջական մատակարարումների, այնպես էլ Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ այլ երկրներ իրականացվող տարանցման վրա։
Ըստ ռուսական կողմի՝ արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչև կմշակվի բեռների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հստակ ընթացակարգ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ նման որոշման պատճառ են դարձել հայկական արտադրանքում պարբերաբար հայտնաբերվող վնասատուները։ Նշվում է, որ ընթացիկ տարվա մայիսից սկսած՝ ռուսական կողմն աստիճանաբար սահմանափակել է առանձին ապրանքատեսակների մուտքը և բազմիցս տեղեկացրել հայկական պատկան մարմիններին արձանագրված խախտումների մասբ։
Այդուհանդերձ, հունիսին ևս արձանագրվել է կարանտինային օբյեկտների հայտնաբերման երեք դեպք՝ Հայաստանից ուղարկված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի խմբաքանակներում։ Ռուսական կողմի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման համակարգի անարդյունավետության մասին, ինչը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը։ Մասնավորապես, հայտնաբերված կապրովյան բզեզը, որը բացակայում է ՌԴ տարածքում, համարվում է վտանգավոր վնասատու։ Այն կարող է ոչնչացնել պահեստավորված հացահատիկային, ձիթատու և ընդեղենի մշակաբույսերի պաշարների մինչև 70 տոկոսը, ինչը հանգեցնում է լուրջ ֆինանսական կորուստների և արտահանման շուկաների սահմանափակման։




















