top of page

ՄԻՊ-ն «Արմատ մեդիա»-ի հետ կապված հայտարարություն է տարածել

  • Jun 5
  • 1 min read

«Արմատ մեդիա» լրատվամիջոցում հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։


«Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրությունում իրականացրել են խուզարկություն՝ ներկայացնելով դատարանի համապատասխան որոշումը։


Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ դատարանի որոշումների իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալը Պաշտպանի լիազորությունների շրջանակից դուրս է։


Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ։


Ստացված տեղեկությունների ամփոփմամբ` իրականացված գործողությունների իրավական հիմքերի և դրանց ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմնիններից։


Ստացված տեղեկությունների և իրավասու մարմինների տրամադրած պարզաբանումների հիման վրա հարցը կդիտարկվի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։


Նկատի ունենալով խոսքի և լրատվական գործունեության ազատության կարևորությունը ժողովրդավարական պետության ամրապնդման տեսանկյունից` հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։


Հանրային նշանակություն ունեցող նոր տեղեկությունների առկայության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է հայտարարության մեջ

1/2760
bottom of page