top of page

Ընտանեկան բռնnւթյան ենթարկվում են նաև տղամարդիկ, ուղղակի ամաչում են այդ մասին խոսել. հոգեբան

  • 5 hours ago
  • 2 min read

Ընտանիքի միջազգային օրը ևս մեկ առիթ է՝ խոսելու ժամանակակից ընտանիքի խնդիրների, հարաբերությունների փոփոխության և ընտանեկան արժեքների մասին։ Վերջին տարիներին Հայաստանում աճել են ամուսնալուծությունների ու ընտանեկան կոնֆլիկտների դեպքերը, իսկ երիտասարդների շրջանում ընտանիք կազմելու նկատմամբ վերաբերմունքն այլևս նախկինը չէ։

Թեմայի շուրջ հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ փոխվել է ոչ թե ընտանիքի մոդելը, այլ հենց «ընտանիք» գաղափարի արժեքը։ «Ոչ թե ընտանիքի մոդելն է փոխվել, այլ ընտանիքի գաղափարի արժեքն է փոխվել, և մենք ունենում ենք այնպիսի ընտանիք, որը ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի, քան իմաստային։ Ընտանիքը դարձել է ոչ թե անհրաժեշտ պայման, որը հանրության բջիջն է, այլ ըստ ցանկության ձևավորվող միջավայր, որը կարելի է կազմել կամ չկազմել, կամ ամուսնալուծվել։ Հենց սրա մասին է խոսում ամուսնալուծությունների քանակի աճը, որը վերջին 5 տարվա մեջ մոտ 25%-ով ավելացել է»,- նշեց հոգեբանը։



Մադաթյանի խոսքով՝ երիտասարդների շրջանում ընտանիք կազմելու ցանկության նվազման հիմնական պատճառներից մեկը պատասխանատվության զգացման պակասն է։ «Ընտանիքի կարևորությունը չկա, պետական ագիտացիա չկա ընտանիքի հետ կապված, պատասխանատվության ցենզը պակաս է։ Մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց վրա՝ ոչ միայն ընտանիքի, այլ նաև սփական երեխաների համար»,- նշեց Մադաթյանը։



Ընտանեկան հարաբերություններում առաջացող խնդիրների մասին խոսելիս հոգեբանը նշում է, որ դիմող ընտանիքների խնդիրները բազմազան են՝ սկսած կենցաղային կոնֆլիկտներից մինչև խորը հոգեբանական անհամաձայնություններ։ «Շատ տարբեր խնդիրներով են դիմում, չեմ կարող առանձնացնել որևէ մեկը։ Ամենատարբեր կոնֆլիկտներով և տարբեր իրավիճակներով»,- ասաց նա։



Խոսելով ընտանեկան բռնությունների մասին՝ հոգեբանը մտահոգիչ տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ վերջին տարիներին նման դեպքերը զգալի աճ են գրանցել։ «Միանշանակ ավելացել է։ Ընտանեկան բռնությունների ու ընտանեկան բռնությամբ պայմանավորված մահերի դեպքերի թիվը նույնպես ավելացել է՝ մոտ 50-55 տոկոսով»,- ընդգծեց նա։



Միաժամանակ, Մադաթյանը կարծում է, որ հասարակության մեջ դեռ կան կարծրատիպեր, որոնք խանգարում են հատկապես տղամարդկանց բարձրաձայնել բռնության մասին։ «Թյուր կարծիք կա, որ ընտանեկան բռնության հիմնական զոհերը կանայք են, բայց դա այդպես չէ։ Բռնության ենթարկված տղամարդիկ շատ հաճախ խուսափում են դիմել, որովհետև հանրային կարծիք կա, թե տղամարդը պետք է ուժեղ լինի, և բողոքող տղամարդը հարգի չէ։ Այդ պատճառով բողոքողները քիչ են, բայց քիչ չեն նաև բռնության ենթարկված տղամարդիկ»,- ասաց հոգեբանը։



Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության կանխարգելումը պետք է սկսվի դեռ վաղ փուլից՝ պետական և հանրային համակարգված աշխատանքի միջոցով։ «Պետք է լինի պետական մոտեցում, պետք է ագիտացիա լինի տղամարդ-կին հարաբերությունների առողջ օրինակների վերաբերյալ, պետք է փարոս տրվի ընտանիքներին»,- նշեց Մադաթյանը։



Հոգեբանը նաև անդրադարձավ տարածված այն կարծիքին, թե երեխայի ծնունդը կարող է փրկել ճգնաժամային ընտանիքը։ «Երեխան չի կարող ընտանիքում մթնոլորտ փոխել, եթե ի սկզբանե մթնոլորտը գաղջ է։ Երեխան պետք է ծնվի արդեն առողջ մթնոլորտում, և պատասխանատու ծնողները նախ պետք է կարգավորեն հարաբերությունները, հետո միայն մտածեն երեխայի մասին»,- ասաց հոգեբանը։



Ինչ վերաբերում է նորաստեղծ ընտանիքներին, ապա հոգեբանը վստահ է՝ հարաբերությունները պահպանելու հիմքում փոխադարձ հարգանքն ու պատասխանատվությունն են։ «Սերը սկզբից պետք է լինի, բայց այսօր ավելի շատ ընտանիք են կազմում տնտեսական հողի վրա, քան հուզական։ Սերը պետք է պարզապես սնուցել՝ փոխադարձ հարգանքով և պատասխանատվություն վերցնելով»,- եզրափակեց խոսքը Միհրդատ Մադաթյանը։

1/2691
bottom of page