«Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես․․․»․ ինչպե՞ս է Վազգեն Սարգսյանն արձագանքել, երբ իմացել է՝ սպան տղա է ունեցել
- Ani

- 8 hours ago
- 1 min read

Վազգեն Սարգսյանի հետ Գորիսից Երեւան էինք վերադառնում: Հանկարծ նկատեց, որ ճամփեզրով արագ-արագ քայլում է զինվորական համազգեստ կրող մի մարդ, պատմում է երգիչ Արսեն Գրիգորյանը։
«Զայրացավ.
- Սա զորամասից դուրս ի՞նչ է անում այստեղ:
Մեքենան կանգնեցրեց, դուռը բացեց ու բարկացած շարժվեց դեպի հետիոտնը.
- Սա ի՞նչ բան է: Ի՞նչ ես անում այստեղ:
Զինվորականը հանկարծակիի եկած պատիվ տվեց ու զեկուցեց.
- Պարոն նախարար, դիրքերում էի: Զանգահարեցին, ասացին, որ տղա եմ ունեցել: Թույլտվություն խնդրեցի ծննդատուն գնալու համար․․․
Վազգենը միանգամից վերափոխվեց, պայծառացավ: Գրկեց սպային, շնորհավորեց, հետո դարձավ դեպի իր վարորդը.
- Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես, դուրս հանի:
Մեքենայի թափքի վրա դրեցին շիշը, բաժակները, մի քանի խնձոր:
- Դե, աչքդ լույս լինի,- ասաց,- տղայի անունն ի՞նչ ես դնելու:
- Դավիթ:
Բաժակներն իրար խփեցին: Ապա Վազգենը մոտ կանչեց ուղեկցող մեքենայի վարորդին.
- Դավիթի հորը կհասցնես ծննդատուն…», - ֆեյսբուքյան էջում գրել է երգիչը։




















