Միայն Հայաստանի և հայ ժողովրդի շահերից ելնելով ենք այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելու. Սամվել Կարապետյան
- May 6
- 1 min read

«Թե՛ Թուրքիան, թե Ադրբեջանը նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին, մենք դա հասկանում ենք, քանի որ դրանից է կախված Փաշինյանի ընտրվելու հնարավորությունները»,- ասել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով մեր երկրի նախընտրական շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի վարած մարտավարությանը՝ հօգուտ Հայաստանի գործող իշխանության վերարտադրության։
Սամվել Կարապետյանն այս համատեքստում նաև հեգնանքով նշել է՝ ամենաուրախալի նվերն Ալիևից այն է, որ Փաշինյանը Ադրբեջան կգնա։
«Ամենաուրախալին Ալիևի նվերն է մեր ժողովրդին։ Մենք արդեն գիտենք, որ Փաշինյանը գնում է Ադրբեջան»,- ասել է նա (Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր՝ հույս ունի, որ կայցելի Ադրբեջան-խմբ.)։
Սամվել Կարապետյանը նաև իր դիրքորոշումն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ՝ շեշտելով՝ ի տարբերություն Փաշինյանի, ինքն այդ երկրի հետ հարաբերությունները պատկերացնում է այնպես, որ վնաս չհասցվի Հայաստանին։
«Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից։ Մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր։ Եթե մեր երկիրը, մեր գյուղատնտեսությունը դրանից տուժում է, մենք մտցնելու ենք սահմանափակումներ։
Միայն Հայաստանի և հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր երկրների հետ հարաբերություններ կառուցելու»,- ասել է Սամվել Կարապետյանը։




















