top of page

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից․ Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով

  • 3 hours ago
  • 2 min read

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) Հայաստան է վերադառնում կրկին յուրահատուկ համերգային երեկոյով․ ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված «Անուրջներ» համերգը։

 Բարրոյի խոսքով՝ Փարիզից Հայաստան իր ամեն այցը փորձում է նշանավորել հիշարժան համերգով։


«Այս տարի որոշեցի երկու կարևոր միջոցառում կազմակերպել՝ մեկը Հայաստանում, մյուսը՝ Փարիզում։



Գեղեցիկ ծրագիր է սպասվում,  ես ուզեցի, որ «Անուրջներ» համերգը ներկայացվի ակադեմիական տարբերակով և ոչ շատ էստրադային՝ բնականաբար շեշտը դնելով որակյալ և բարձրակարգ արտիստների վրա։ Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից, ես որպես արտիստ միշտ ուզում եմ օգտակար լինել նաև ուրիշներին, որովհետև կարևոր է ձեռք մեկնել այլ կատարողներին։ Մեր օրերում, ցավոք, միայն սեփական անձի մասին մտածելը տարածված բնույթ է կրում, բայց արտիստը պետք է համախմբող լինի, փորձի ավելին անել հայրենիքի համար իր ձայնով, ինչպես նաև փորձի հնարավորինս ճիշտ ներկայացնել հայ երգը թե՛ Հայաստանում թե՛ արտերկրում։ Դա բազմաշերտ գործունեություն է, այսօրվա արտիստին մեծ հնարավորություն է տրված, որից օգտվելով պետք է նա ամեն ինչ անի, որ մեր ազգը իր մշակութային զենքով տարբեր հարթակներում ներկայացվի ըստ արժանվույն»,-նշում է Բարրոն։

«Անուրջներ» համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գալինա Ցոլակյանը, Արամո Մամիկոնյանը, Սյուզաննա Բարէն, Մարիաննա Հայրապետյանը, Սկենա երգչախումբը, Վիկտորյա և Լյանա Ուլիխանյանները։


  


«Ես միշտ սիրում եմ կապակցել մարդկանց և իրականությունները։ Նախորդ տարի իմ և Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտոնական գրադարանի համագործակցությամբ՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Երիտասարդ կատարողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական մրցույթը», որի նպատակը վոկալ երաժշտության բնագավառում շնորհալի երիտասարդներին հայտնաբերել և խրախուսելն էր։ Այդ մրցույթի հաղթող ճանաչվեց Գալինա Ցոլակյանը, ով հիմա հանդես կգա ապրիլի 6-ի համերգին»,-նշում է Բարրոն։

Հոկտեմբերի 3-ին երգիչը նախաձեռնել է Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված երեկո Փարիզի Cortot համերգասրահում, որտեղ ելույթ կունենան մերօրյա ճանաչված արտիստներ։

Հաջորդիվ Ադամ Բարրոն հանդես կգա Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա եկեղեցում ապրիլի 24-ին՝ ներկայացնելով հայ երգն ըստ արժանվույն։ Սա բացառիկ պատմական համերգ է Հայոց Եղեռնի 111-րդ տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի,  Մակար Եկմալյանի, Մարիամ Պոզապալյանի և Արա Պարթևյանի ստեղծագործությունները` ի հարգանք անմեղ հայ զոհերի։

Ադամ Բարրոյի նախաձեռնած նմանատիպ համերգների շարքում են եղել «Ավե Մարիա» խորագրով գալա երեկոն մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի 100-ամյակին ու անմար հիշատակին նվիրված, ինչպես նաև մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված «Ադամ Բարրո և ընկերներ». բարեգործական համերգը  և Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգը։

1/2603
bottom of page