ԱՄԷ-ն հայտարարել է, որ պաշտպանվելու իրավունք ունի, սակայն նախընտրում է զսպվածությունը
- 1 hour ago
- 1 min read

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) իրավունք ունի պաշտպանվելու Իրանի շարունակվող հարվածներից, սակայն նախընտրում է զսպվածությունը, հայտարարել է երկրի նախագահի խորհրդական Անվար Գարգաշը՝ մեկնաբանելով Իրանի պատասխան հարվածները ԱՄՆ-ի օբյեկտներին Մերձավոր Արևելքի տարածքում, տեղեկացնում է AFP գործակալությունը։
«ԱՄԷ-ն իրավունք ունի պաշտպանել իրեն այս պարտադրված ահաբեկչական ագրեսիայից, սակայն շարունակում է նախապատվությունը տալ բանականությանը և տրամաբանությանը՝ պահպանելով զսպվածություն և փնտրելով ելք Իրանի և տարածաշրջանի համար», – հայտարարել է Գարգաշը։
Ըստ նրա, ԱՄԷ-ն մինչև վերջին պահը «անկեղծ ջանքեր էր գործադրում որպես միջնորդ Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ այս պատերազմից խուսափելու համար»։
Գարգաշը նաև քննադատել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին՝ նշելով, որ նա «փորձում է ԱՄԷ-ին մեղադրել Իրանի դեմ ագրեսիայի մեջ՝ մի խճճված քաղաքականության շրջանակում, որը սխալ ուղղություն է վերցրել, կորցրել է կողմնորոշումը և հրաժարվել է իմաստնությունից»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ից հարվածում են Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և ԱՄՆ-ի ռազմական բազաներին տարածաշրջանում։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և մտել է հարավային Լիբանան։




















