top of page

«Հրապարակ»․ Ով է եղել Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը

  • 2 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ, ՔՊ վարչության որոշմամբ, նախընտրական ցուցակից հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանի դեմ, ըստ լուրերի, բողոք է ներկայացրել գործընկեր պատգամավոր Միքայել Թումասյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ում ներքին քվեարկությունից հետո զտումներ են իրականացվում․ ովքեր խախտել են քարոզչություն չանելու արգելքը, հեռացվում են ցանկից։ Թումասյանի անունը շատերին անծանոթ կթվա, նրան հիմնականում կարելի է տեսնել Փաշինյանի երբեմնի աներձագ Հրաչ Հակոբյանի հետ։

Նա մինչ պատգամավոր դառնալը Դավիթաշենի թաղապետն էր: Պատմում են, որ նա իր դիմումում նշել է, թե անձամբ է լսել, թե ինչպես է Դանիելյանը ներկուսակցական ընտրությունների պատվիրակներից մեկին հեռախոսով խնդրել, որ ընտրի իրեն:

Ընտրությունների արդյունքներից հետո, ըստ ամենայնի, տեսնելով, որ այդ մեթոդն աշխատել է, իսկ ինքը՝ Թումասյանը, դուրս է մնացել անգամ ցուցակի 100-յակից, դիմում-բողոք է ներկայացրել ՔՊ ղեկավարությանը։

Երեկ մեզ չհաջողվեց ո՛չ Դանիելյանի, ո՛չ Թումասյանի հետ զրուցել: Տեղեկացանք, որ Դանիելյանը կուսակցությանը խնդրել է ամբողջովին չչեզոքացնել իրեն` թույլ տալ, որ համապետական ընտրություններում գոնե Սյունիքում ՔՊ-ի վստահված անձը լինի։

Եվ, ասում են, չեն մերժել, բայց դեռ հավանություն էլ չեն տվել՝ ակնարկելով, որ վստահությունը կորցրել է: Փաշինյանն անգամ հիշեցրել է, որ Դանիելյանը ժամանակին չընտրված համայնքապետ է: Վերջինս չի հանձնվում, ասում են՝ մարզային լրատվամիջոցները վերջին օրերին նրա գովքն են անում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page