top of page

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

  • 3 hours ago
  • 1 min read

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը զբաղեցրած անձը քրեական վարույթով կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված քննիչը 2023 թվականին իրեն հանձնարարված քրեական վարույթով մեղադրյալի և վկայի բացակայության պայմաններում կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություն, որում ներառել է քննչական գործողության ընթացքում տրված հարցերին վկայի և մեղադրյալի անունից հնչեցված մտացածին պատասխաններ:

Հիշյալ արձանագրության իսկությունը հավաստելու համար քննիչի կողմից դրանում նշված անձանց փոխարեն կատարվել են համապատասխան գրառումներ և դրվել ստորագրություններ՝ կազմված կեղծ փաստաթուղթը շրջանառության մեջ դնելու և քրեական վարույթի նյութերին կցելու նպատակով:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ՔԿ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

bottom of page