Զովունիում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մահացել է Փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է
- 14 hours ago
- 2 min read

Փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վերջինս հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, փետրվարի 16-ի՝ Զովունի գյուղում կրակոցներից ստացած վնասվածքով։
Իրավապահները պարզել են, որ փետրվարի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում Ռուբեն Գ.-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն, ով այնուհետև դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալել ու տեղափոխել էին ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Նաիրիի քննչական բաժին։
Օրեր առաջ քննիչը միջնորդություն է ներկայացրել Եղվարդի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել է։
Իսկ հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին կրակոց էր հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի քաղաքացու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասից։
Իրավապահները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել էին «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել էր «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից մոտ 30–40 մետր հեռավորությունից կրակոց էր արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել էր փախուստի։
Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել էին կրակոցներ արձակողին, ում տեղափոխել էին ոստիկանության Նաիրիի բաժին։




















