top of page

«Եթե ստացվի, հայկական բալետը մեծ առաջընթաց կունենա»․ Րաֆֆի Գալստյանը՝ իր նոր գաղափարի, եվրոպական համերգների և շուտով հայ հանդիսատեսին կրկին ներկայանալու մասին

  • 10 hours ago
  • 2 min read

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը շուտով կրկին կներկայանա հայ հանդիսատեսին՝ այն էլ միանգամից երեք ներկայացումներում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Րաֆֆին պատմել է ոչ միայն իր մասնակցությամբ բալետային ներկայացումների, այլև մի գաղափարի մասին, որը, ըստ արտիստի, կարևոր նշանակություն կարող է ունենալ հայկական բալետի զարգացման համար։ 


Րաֆֆի Գալստյանը վերջին շրջանում զբաղված է եվրոպական շրջագայություններով։ Մեզ հետ զրույցի ընթացքում նա շտապում էր հերթական ներկայացմանը։ Պարողը Փարիզում և ամբողջ Եվրոպայում հանդես է եկել ավելի քան 90 բալետային ներկայացումներում։ 

«Այստեղ վերջին ներկայացումը կունենամ փետրվարի 15-ին, այնուհետև կվերադառնամ Հայաստան և հանդես կգամ երեք ներկայացումներում։ Փետրվարի 18-ին` «Մարդուկ-ջարդուկ», 19-ին՝ «Դիմակահանդես», 21-ին՝ «Գայանե» բալետում»,-պատմում է արտիստը։ 


Այս ընթացքում նա ունեցել է ևս երեք հրավեր, որոնցից երկուսը մերժել է, քանի որ ֆիզիկապես չէր կարող մասնակցել․ «Մեկը ընդունեցի, քանի որ այդ ժամանակ ազատ կլինեմ․ հոկտեմբերին «Սպարտակ» բալետային ներկայացմամբ կներկայանամ Մոլդովայում՝ փառատոնի շրջանակում»։

Րաֆֆին ևս մեկ հրավեր է ունեցել Հայաստանում՝ մյուզիքլում։ «Ցավոք, այդ առաջարկն էլ ստիպված եղա մերժել, բայց քննարկել են հետագա համագործակցությունը»,-ասում է պարողը։

Հեռուստադիտղին, որոնց Րաֆֆին առավել հայտնի է «Եթե ես կրկին պարեմ» սերիալում իր գլխավոր դերակատարմամբ, արտիստն առայժմ չի ներկայանա նոր նախագծով, բայց առաջարկներ հաճախ է ստանում, այնպես որ նրա էկրանային գործունեությունը այդքանով չի սահմանափակվի։


Այժմ Րաֆֆին զբաղված է մեկ այլ կարևոր ծրագրով։ Առայժմ շատ փակագծեր չի բացում, քանի որ ինչպես ինքն է ասում՝ սիրում է խոսել այն ժամանակ, երբ գործն արված է․

«Հետաքրքիր գաղափար ունեմ, որի շուրջ համախմբել եմ իմ մտերիմ ընկերներին ու հարազատ մարդկանց․ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք այդ գաղափարը կյանքի կոչել։ Եթե ստացվի, մեծ առաջընթաց կունենա հայկական բալետը և Հայաստանը՝ որպես միջազգային բեմահարթակ։ Հայաստանում կկարողանանք ստեղծել մի նախագիծ, ինչպիսին երբեք չի եղել այստեղ, ես էլ երբեք չեմ լսել, որ նման բան կարող էր լինել։ Հիմա կատարում ենք նախապատրաստական աշխատանքները, որպեսզի կարողանանք  ներկայացնել համապատասխան մարմիններին, և աջակցություն ստանալու դեպքում կունենանք այդ կարևոր միջազգային նախագիծը։ Փակագծերը չբացեմ, քանի որ սիրում եմ խոսել այն ժամանակ, երբ գործն արդեն արված է լինում։ Հուսով եմ՝ կստացվի, քանի որ գաղափարն իր մեջ կրում է միայն դրական ազդեցություններ»,-եզրափակեց արտիստը։ 

1/2545
bottom of page