Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ. «Նոր ուժ»
- 12 hours ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական սահմանն է հատել՝ քրեական վարույթ հարուցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի նախկին քաղաքապետ Հայոկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը։
«Եկեղեցու դեմ ծավալած այս ամբողջ պատմությունը հակաիրավական է եւ հակաբարոյական, այն չի նպաստում քաղաքացիական համերաշխությանը եւ ազգային միասնությանը՝ երկրի ներսում եւ երկրի սահմաններից դուրս։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ հավատքի, ո՛չ առավելեւս իրավակարգի հետ։ Փաշինյանի կապրիզների այս հերթական դրսեւորումը Հայաստանում արմատավորվող անձնիշխանության հերթական ազդակն է։ Այն սպասարկում է Փաշինյանի ու իր թիմի շահերը եւ պայմանավորված է միայն ՔՊ իշխանության ամրապնդման «անհրաժեշտությամբ»։
Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ եւ միջամտել բացառապես եկեղեցու նվիրապետությանը վերաբերող հարցերին։ Այս երկիրը եւ այս ժողովուրդն ուզում է բարեկեցություն, անվտանգության երաշխիքներ ու օրենքի գերակայություն, իսկ սաղմոս մենք ինքներս կարող ենք կարդալ՝ առանց ժամկետի ավարտին գտնվող իշխանության թելադրած ծամածռությունների։
Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսեւորումը»,- ասված է հաղորդագրությունում։




















