top of page

Սինդի Քրոուֆորդ. «Նրանք կարծում էին, որ ես հիմար եմ, բայց այդպես չէր»

  • 7 hours ago
  • 2 min read

Այսօր Սինդի Քրոուֆորդի անունը կապված է 90-ականների սուպերմոդելների դարաշրջանի հետ, բայց նրա ճանապարհորդությունը չի սկսվել պոդիումից։ Ապագա աստղը մեծացել է Իլինոյսում որպես գերազանց ուսանող, 1984–ին դարձել է ԴեՔալբի ավագ դպրոցի լավագույն աշակերտուհին 1984 և ստացել կրթաթոշակ՝ Հյուսիսարևմտյան համալսարանում համակարգչային ճարտարագիտություն սովորելու համար։

Այնուամենայնիվ, նա թողել է ուսումը՝ մոդելային կարիերա սկսելու համար։ Նա անմիջապես բախվել է նախապաշարմունքների։ «Մարդիկ անմիջապես ինձ վերաբերվեցին այնպես, կարծես ես հիմար լինեի։ Իսկ ես այդպիսին չէի», - OK! ամսագրին ասել է 59-ամյա Քրոուֆորդը։

Քրոուֆորդի խոսքով՝ իր մանկության նկրտումները շատ հեռու էին նորաձևության ոլորտից։

«Ես ուզում էի լինել Միացյալ Նահանգների առաջին կին նախագահը։ Հետո մտածեցի բժիշկ կամ ուսուցչուհի դառնալու մասին։ Ես սիրում էի դպրոցը»։

Երբ Քրոուֆորդը որոշել է կարիերա սկսել տեսախցիկի առջև, շատերը կասկածամիտ էին։ «Իմ ժամանակներում կար այս սարսափելի ենթադրությունը. եթե դու մոդել ես, ուրեմն հիմար ես»։

Նա ասում է, որ իրավիճակը փոխվել է։ Սոցիալական ցանցերը մոդելներին հնարավորություն են տվել իրենց դրսևորել որպես անհատներ, այլ ոչ թե պարզապես որպես «գեղեցիկ դեմք»։ Քրոուֆորդը հաջորդ շաբաթ կդառնա 60 տարեկան, և նա ասում է, որ պատրաստ է ընդունել այդ հանգրվանը։ «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տարիքը հաճախ բացասաբար է ընկալվում։ Բայց մենք պետք է դադարենք այդքան քննադատաբար վերաբերվել մեզ և ուրիշներին»։

Սինդին 27 տարի ամուսնացած է Casamigos-ի համահիմնադիր, գործարար Ռենդե Գերբերի հետ։ Զույգն ունի երկու երեխա։

Նրանց դուստրը՝ Կայա Գերբերը, գնացել է մոր հետքերով և դարձել հաջողակ մոդել, ինչպես նաև նկարահանվում է Apple TV+-ի «Palm Royale» սերիալում։ Նրա որդին՝ Պրեսլի Գերբերը, վարում է «Mental Health Mondays» հաղորդումը՝ բաց ներկայացնելով դեպրեսիայի և անքնության հետ կապված իր փորձը։

Այսօր Քրոուֆորդն ասում է, որ «սիրում է կյանքը», վայելում է իր ընտանիքը և հրաժարվում է թույլ տալ, որ կարծրատիպերը սահմանեն իրեն՝ անկախ նրանից, թե նա 20 տարեկան է, թե 60 տարեկան։

1/2542
bottom of page