Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգան հայտարարություն է տարածել Ռոնալդուի բոյկոտի վերաբերյալ
- Ani

- 9 hours ago
- 2 min read

Սաուդյան Արաբիայի Պրո լիգան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ի պատասխան «Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուի կողմից հնչեցված դժգոհությունների և խաղերը բոյկոտելու սպառնալիքի։
Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ պորտուգալացի աստղը մտադիր է բոյկոտել առաջնության արդեն երկրորդ հանդիպումը։ Ռոնալդուի դժգոհության հիմնական պատճառը ֆինանսական անհավասարությունն է․ ֆուտբոլիստը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամը (PIF), որին պատկանում են երկրի չորս առաջատար ակումբները, անհամեմատ ավելի մեծ ֆինանսական աջակցություն է տրամադրում մրցակից «Ալ-Հիլալին»։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ստեղծված իրավիճակի պատճառով Ռոնալդուն դիտարկում է նաև ամռանը ակումբից հեռանալու տարբերակը։
Ստեղծված լարվածության ֆոնին Պրո-լիգայի ղեկավարությունը հերքել է կողմնակալության մեղադրանքները՝ պնդելով, որ յուրաքանչյուր ակումբ գործում է անկախ։ ESPN-ի փոխանցմամաբ` Լիգայի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Սաուդյան պրոֆեսիոնալ լիգան կառուցված է պարզ սկզբունքի վրա՝ յուրաքանչյուր ակումբ գործում է անկախ և առաջնորդվում է միևնույն կանոններով։
Ակումբներն ունեն իրենց տնօրենների խորհուրդները, ղեկավար կազմը և ֆուտբոլային մենեջմենթը։ Տրանսֆերային քաղաքականության, ծախսերի և ռազմավարության վերաբերյալ որոշումները կայացվում են հենց ակումբների կողմից՝ հաստատված ֆինանսական կառուցակարգերի շրջանակում, որոնք կոչված են ապահովելու կայունություն և մրցակցային հավասարակշռություն։ Այս կառուցակարգը հավասարապես կիրառվում է ամբողջ լիգայի համար։
Կրիշտիանուն Սաուդյան Արաբիա ժամանելու պահից լիովին ներգրավված է «Ալ-Նասրի» կյանքում և առանցքային դեր է խաղացել ակումբի զարգացման ու ամբիցիաների իրագործման հարցում։ Ինչպես ցանկացած բարձրակարգ մարզիկ, նա ցանկանում է հաղթել։ Սակայն ոչ ոք, որքան էլ նշանակալի դեմք լինի, իրավասու չէ որոշումներ կայացնել իր ակումբի սահմաններից դուրս»:
Լիգայի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ վերջին տրանսֆերային պատուհանի ակտիվությունը վառ ապացույցն է ակումբների անկախության, քանի որ յուրաքանչյուր թիմ ընտրել է ուժեղացման իր ռազմավարությունը՝ գործելով հաստատված բյուջեի սահմաններում։
«Մրցակցությունը լիգայում խոսում է ինքնին իր մասին։ Առաջատար քառյակի միջև միավորների տարբերությունը մեծ չէ, ուստի չեմպիոնական պայքարը շարունակում է մնալ չափազանց թեժ։ Նման հավասարակշռությունը ցույց է տալիս, որ համակարգը գործում է այնպես, ինչպես նախատեսված էր։ Հիմնական ուշադրությունը պետք է շարունակի մնալ ֆուտբոլի վրա՝ խաղադաշտում, որտեղ էլ հենց դրա տեղն է», — եզրափակել է Պրո լիգայի ներկայացուցիչը։




















