Քիմիաթերապիայի անսպասելի ազդեցությունը. աղիքային մանրէներն օգնում են պայքարել մետաստազների դեմ
- Ani

- 2 hours ago
- 2 min read

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ քիմիաթերապիան ազդում է ոչ միայն ուռուցքային բջիջների վրա, այլև այնպես է վերափոխում աղիքային բակտերիաները, որ դա կարող է կանխել մետաստազների՝ քաղցկեղի երկրորդային օջախների առաջացումը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:
Թեև աղիքների լորձաթաղանթի վրա քիմիաթերապիայի կողմնակի վնասակար ազդեցությունը լավ հայտնի է, գիտնականները պարզել են, որ միկրոբիոտայի կառուցվածքային փոփոխությունները գործի են դնում իրադարձությունների մի շղթա, որն ազդում է օրգանիզմի իմունային համակարգի վրա:
Լոզանի համալսարանի գիտնականները պարզել են, որ երբ քիմիաթերապևտիկ դեղամիջոցները վնասում են աղիքների լորձաթաղանթը, դրանք փոխում են այնտեղ ապրող մանրէների համար սննդարար նյութերի հասանելիությունը: Սա ստիպում է միկրոբիոտային հարմարվել, ինչի արդյունքում մեծանում է որոշակի մետաբոլիտի՝ ինդոլ-3-պրոպիոնաթթվի (IPA) արտադրությունը, որն առաջանում է տրիպտոֆանից:
Ի տարբերություն աղիքներում տեղային ազդեցության, IPA-ն գործում է որպես համակարգային ազդանշան, որն աղիքներից անցնում է ոսկրածուծ: Այնտեղ այն վերակառուցում է իմունային բջիջների առաջացման գործընթացը՝ նվազեցնելով իմունոսուպրեսիվ մոնոցիտների արտադրությունը։ Դրանք այն բջիջներն են, որոնք սովորաբար օգնում են ուռուցքին խուսափել իմունային համակարգի հարձակումներից և նպաստում են մետաստազների աճին: Իմունային բջիջների արտադրության նման վերակառուցումը օրգանիզմն ավելի քիչ ընկալունակ է դարձնում ուռուցքի տարածման նկատմամբ
Հետազոտության հեղինակները նշում են, որ այս ազդեցությունն անսպասելի է եղել՝ այն, ինչ երկար ժամանակ համարվում էր պարզապես աղիքների համար կողմնակի վնաս, պարզվել է, որ ընդունակ է առաջացնել կառուցվածքային համակարգային պատասխան՝ ուժեղացնելով իմունիտետի հակաուռուցքային ակտիվությունը:
Բացի այդ, գիտնականները նմանատիպ մեխանիզմի նշաններ են հայտնաբերել կոլորեկտալ քաղցկեղով (հաստ աղիքի քաղցկեղ) հիվանդների մոտ։ Քիմիաթերապիայից հետո նրանց արյան մեջ բարձրացել է IPA-ի մակարդակը, իսկ իմունոսուպրեսիվ մոնոցիտների քանակը նվազել է, ինչը համընկել է կանխատեսման բարելավման հետ:
Այս արդյունքները ընդլայնում են պատկերացումներն այն մասին, թե ինչպես է քիմիաթերապիան փոխազդում օրգանիզմի հետ. դեղամիջոցների ազդեցությունը դուրս է գալիս քաղցկեղային բջիջների ուղղակի ոչնչացման սահմաններից և ներառում է միկրոբիոտայի համալիր փոփոխություններ, որոնք կարող են բարելավել իմունային պաշտպանությունը մետաստազների դեմ




















