Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
- Ani

- Jan 12
- 1 min read

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ դեսպանին հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական մեդիահոլդինգի մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ:
«Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- նշեցին ԱԳՆ-ից։
Նշենք, որ խոսքը Վլադիմիր Սոլովյովի հաղորդման մասին է։
«Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում և մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները: Խաղերն ավարտված են, թքած միջազգային օրենքների և իրավունքների վրա: Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու, այդ նկատառումներից ելնելով, մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում», - հաղորդման ժամանակ նշել էր Սոլովյովը:




















