Բոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների. «ՀայաՔվե»
- Ani

- 3 hours ago
- 1 min read

Վարչախումբը որպես մեռելածին «խաղաղության օրակարգի» պատմական ձեռքբերում է ներկայացնում թշնամական Ադրբեջանից մոտ 600 տոննա բենզինի մուտքը Հայաստան: Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այն գնել է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերությունը և այսօրվանից սկսել է իրացնել հայաստանյան շուկայում:
Կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և ավտոմեքենաները չլիցքավորել RAN Oil բենզալցակայաններում, քանի որ դրանցում վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Բաքվի բռնապետ Ալիևը վաճառում է մեզ՝ փորձելով պատրանք ստեղծել, թե իբր խաղաղություն է ցանկանում։ Իրականում բռնապետ Ալիևը մեծ քանակի սպառազինություն է կուտակում, բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին և պատրաստվում նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։
Գնելով նրա բենզինը՝ մենք նրան ավելի շատ զենք ձեռք բերելու և Հայաստանի վրա ավելի շուտ հարձակվելու հնարավորություն ենք տալիս։
Մեր հազարավոր նահատակների արյունը մեզ համար շատ ավելի թանկ է, անգին, քան թշնամուց ներկրված վառելիքը:
Բոյկոտենք RAN OIL բենզալցակայանները։ Թույլ չտանք, որ մեր գումարով գնված ադրբեջանական բենզինը փոխակերպվի մեր դեմ ուղղված հրանոթների»։




















