top of page

«Ժողովուրդ». Ապրելու երկիրը կմասնակցի 2026–ի ընտրություններին. ում անուններն են քննարկվում

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 2 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվացել են տարբեր ուժերի միջեւ հանդիպումներն ու քննարկումները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ ունեցել են համատեղ քննարկումներ՝ հնարավոր համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ։ Խոսքը վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, «Նժար» շարժմանը, «Սասնա ծռեր» կուսակցությանը, «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանին, «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ քննարկումները կրել են բաց եւ հրապարակային բնույթ։

«Նշված ուժերի կողմից մի քանի անգամ կազմակերպվել են քննարկումներ, որոնց մեր թիմակիցներն իրենց մասնակցությունն ունեցել են։ Քննարկումները եղել են հրապարակային՝ տարբեր թեմաների շուրջ, այդ թվում Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ այլ հարցերի», – ասաց Առաքելյանը։

Անդրադառնալով համապետական ընտրություններին եւ հնարավոր համաձայնություններին՝ Առաքելյանը ընդգծեց, որ դեռեւս վերջնական որեւէ որոշում չկա։ «Տարբեր ուժերի հետ տարբեր քննարկումներ կան։ Չեմ բացառում նաեւ քննարկումները ձեր կողմից թվարկած ուժերի հետ, սակայն այս պահին որեւէ հստակ պատկերացում կամ համաձայնություն գոյություն չունի։ Քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են», – նշեց նա։

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց նաեւ, թե ինչպիսին է «Ապրելու երկիր» կուսակցության վերաբերմունքը քաղաքական դաշտում նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման նկատմամբ։

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ հարաբերությունները վաղուց են ձեւավորված։ «Մենք լավ հարաբերություններ ունենք եւ ունեցել ենք դեռեւս մինչեւ շարժման ձեւավորումը։ Արման Թաթոյանը մշտապես դրսեւորել է ակտիվություն եւ հանրային պատասխանատվություն, ուստի հնարավոր քննարկումները նոր չեն», – ասաց նա։

Ինչ վերաբերում է 2026 թվականին հնարավոր միավորմանը կամ միասնական թեկնածու առաջադրելու հեռանկարին՝ Առաքելյանը նշեց, որ առայժմ որեւէ հստակ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նա ընդգծեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի միանշանակ որոշում՝ մասնակցել ընտրություններին, իսկ համագործակցության ձեւաչափի հարցը դեռ քննարկման փուլում է։

Միաժամանակ Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ կուսակցությունում թեկնածուի խնդիր չկա։ Նրա խոսքով՝ հստակ որոշման դեպքում կուսակցության նախագահի՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունն ամենահավանականն է, սակայն չբացառեց նաեւ սեփական մասնակցությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page