top of page

Բարձրաստիճան պաշտոնյային արձագանքելու համար այսօր ազատությունից զրկված են մեծ լսարան ունեցող մեդիագործիչներ, իսկ «եվրոյոնջաները» լուռ են. Զոհրաբյան

  • Writer: Ani
    Ani
  • 7 hours ago
  • 1 min read

ree

«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են խոսքի համար։ Բարձրաստիճան պաշտոնյային արձագանքելու համար այսօր ազատությունից զրկված են մեծ լսարան ունեցող մեդիագործիչներ»,- Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայինհայտարարեց հասարակական- քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ միջազգային հանրությունը հավուր պատշաճի չի արձագանքում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, որոնք Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում են տեղի ունենում, այնինչ անցյալում բոլորովին այլ պատկեր կլիներ։

«Եկեք պատկերացնենք, թե 2017 թվականին միջազգային հանրությունը, իսկ ես նրանց «քնքշորեն» կդիմեմ Նիկոլի լեքսիկոնով՝ «եվրոյոնջաները», ինչպես կարձագանքեին, եթե «հետույք» բառի համար այն խմբագրությունում , որտեղ ես եմ աշխատել, «Հայկական ժամանակում», ինձ կամ Նիկոլին կամ էլ որևէ այլ մեկին տանեին և կալանավորեին։ Հիմա նկարագրեմ՝ ինչ կլիներ. չարտերային ռեյսով անմիջապես Հայաստան կգային մոնիտորինգի հարցով Հայաստանի համազեկուցողները, Հայաստանին ԵԽ-ում կասեին՝ ձեզ զրկում ենք ձայնի իրավունքից, մոնիտորինգի հանձնաժողովը 5 հատ զեկույց կհրապարակեր, որ Հայաստանում ոտնահարվում է խոսքի ազատությունը, Սվիտալսկին էլ այստեղ պառկած կլիներ և իր հերթական գրքի համար նյութ կնախապատրաստեր»,- ասաց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանում բռնապետություն է հաստատվել, ունենք մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, մարդկանց խոսքի համար կալանավորում են, սակայն միջազգային հանրությունն այսօր լուռ է մնում։

Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորել են, նրանց դեմ   հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իրենց հասցեին նրա իսկ արած վիրավորական արտահայտությանը։

Սիմոնյանի հաղորդումից հետո դիմակավորված ուժայինները  Նարեկ Սամսոնյանի և  Վազգեն Սաղաթելյանի տներն են մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք առաջադրել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։ 

Սա Սամսոնյանի ու Սաղաթելյանի դեմ քաղաքական դրդապատճառներով առաջին հետապնդումը չէ, 2018-ից սկսած՝ նրանք բազմիցս ճնշումների են ենթարկվել և էլի կալանավորվել են՝ եթերում գործող իշխանություններին քննադատելու համար։

1/2448
bottom of page