Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ասածների կամ նույնիսկ ստորագրության վրա կարող ենք հույս դնել. Մամիջանյանը՝ Եվրանեսթի նիստին
- Ani

- 7 hours ago
- 2 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանում։
«Հարգելի’ գործընկերներ,
Այսօր Ազգային Ժողովի դիմաց մի խումբ երիտասարդներ ակցիա էին իրականացնում: Քանի որ նրանց ձայնը հեռավորության պատճառով լսելի չէր դարպասներից այս կողմ՝ ես կլինեմ նրանց ձայնն այս դահլիճում։
Այդ ակցիան ուներ երկու նպատակ։ Նրանք բարձրաձայնում էին Բաքվում պահվող մեր գերիների հարցի մասին: Դրա վերաբերյալ իմ գործընկերներն արդեն խոսել են, և ես չեմ կրկնվի։ Ձեր ուշադրությունը կհրավիրեմ այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է խոսել ոչ միայն մեր հայրենակիցների ազատ արձակման, այլև նրանց անհապաղ տեսակցելու անհրաժեշտության մասին։ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից ի վեր ո՛չ հարազատները, ո՛չ մենք որևէ տեղեկություն չունենք մեր հայրենակիցների որպիսության մասին։ Գերեվարված մեր հայրենակիցներից առնվազն մեկը բանտում հայտարարել էր հացադուլ, և մենք անգամ նրա ճակատագրի մասին տեղեկություններ չունենք։
Մենք շատ շնորհակալ ենք Եվրոպական Խորհրդարանին այս հարցի վերաբերյալ բանաձևերի ընդունման համար, շնորհակալ ենք այդ գործընթացը նախաձեռնած եվրոպացի մեր գործընկերներին, շնորհակալ ենք Եվրանեսթի զեկույցում դա ներառելու համար, բայց ես խոսում եմ հենց այս պահին անհրաժեշտ մարդասիրական քայլերի մասին։ Մենք խնդրում ենք միջնորդել Բաքվում ձեր երկրների և ԵՄ դեսպաններին այցելել մեր հայրենակիցներին և տեղեկատվություն տրամադրել հարազատներին նրանց վերաբերյալ։
Ակցիայի երկրորդ նպատակը Հայաստանում քաղաքական բանտարկյալների թեմայի բարձրաձայնումն էր։ Մեր եվրոպացի գործընկերներից մեկը, ժողովրդավարության էության մասին խոսելիս, ասում էր, որ այս նիստի ընթացքում բոլորս կարող ենք ելույթ ունենալ մեր մտքի և խղճի կամոք, ու նիստի ավարտից հետո բոլորս կմնանք ազատության մեջ։ Ցավոք, Հայաստանում այդպես չէ: Մեր երկրում շուրջ 40 քաղաքական բանտարկյալներ կան. արքեպիսկոպոսներ, պատգամավորներ, բարերարներ, քաղաքապետեր՝ այդ թվում երեկ կալանավորված, ով նաև մեր կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացի վարչապետի թեկնածուն է, և շատ ուրիշներ։ Ես վստահ եմ, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ պատճառներ կփորձեն բերել արդարացնելու այս փաստը, բայց հիշենք խորհրդային տարիներին հայտնի դարձած արտահայտությունը. «Մարդը լինի՝ հոդվածը կգտնենք»։ Այն փաստը, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ արձանագրված է նաև Եվրոպայի Ժողովրդական կուսակցության, Կենտրոնամետ Դեմոկրատների միության ու մի շարք այլ միջազգային կազմակերպությունների զեկույցներում ու բանաձևերում։
Խաղաղության մասին: Ժամանակակից քաղաքականության, մարքեթինգի և վաճառքի միջև ընդհանրությունները շատ են։ Իշխող կուսակցությունը փորձում է մեզ «վաճառել խաղաղություն», բայց «պայմանագրում» կան մանր տառերով գրված կետեր, որոնք շատ էական են։ Ներառյալ այն փաստը, որ իմ հայրենիքի 200 քառակուսի կիլոմետրից ավելին օկուպացված է Ադրբեջանի կողմից, իմ եղբայրները գերի են պահվում Բաքվում, ունենք բազմաթիվ անհետ կորած անձինք, մեր մշակութային կոթողները ոչնչացվում են Ադրբեջանի կողմից, և չկա խաղաղության երաշխավոր։ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ասածների կամ նույնիսկ ստորագրության վրա կարող ենք հույս դնել։ Հիշեցնեմ նաև, որ ՀՀ-ԵՄ միջև CEPA համաձայնագրի մեջ նշված էր նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների մասին, և այդ փաստաթուղթը վավերացվել է բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից։
Եվ վերջում. ելույթ ունեցողներից մեկը նշեց, որ Եվրոպական Միությունը դառնում է ավելի «աշխարհաքաղաքական», գուցե, բայց ես հավատում եմ, որ այն առաջին հերթին պետք է հիմնված լինի արժեքների վրա»:




















