Եթե տնօրենը հեռացման դիմում չգրի՝ 190 երեխայի կհանենք. N94 մանկապարտեզի ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
- 2 hours ago
- 1 min read

1-1,5 տարվա ընթացքում, ինչ այդ տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավելի աշխատող ինքնակամ դիմում են ներկայացրել, հերթով, ինքնակամ հեռացվել, այսինքն՝ փակուղու մեջ է դրել տնօրենը: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ, 24.news-ի հետ զրույցում ասել է Երևանի N94 մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ծնողը:
«Դաստիարակները, քանի որ անհատ են ու չեն կարող բարձրաձայնել, երևի ինչ-որ որոշակի վախեր ունեն, դրա համար ինքնակամ, լուռ, առանց ինչ-որ մի բան ասելու հեռանում են, բայց քանի որ այս անգամ իրավիճակն ավելի մասշտաբային է ու դաստիարակները մեկը չէ, երկուսը չէ, բոլորը ստիպված փաստի առաջ են կանգնել, գիտեն՝ այլ տարբերակ չունեն, հերթական զոհն են տվյալ տնօրենի, ստիպված իրենք ինքնակամ դիմում են ներկայացրել:
Մենք ծնողներով, ինչքանով որ դրսից տեղյակ ենք, վստահ ենք՝ ինչ-որ մի բան կատարվում է: Մենք դեռ շատ բաներից տեղյակ չենք, որի համար անպայման հետաքննություն պետք է կատարվի, որովհետև դաստիարակները, որոնք նախկինում հեռացվել են, դիմել են վարչական շրջանի աշխատակազմին, բայց հարցին լուծում չեն տվել: Շատ հանգիստ, լուռ մեկ օրվա մեջ կարողացել են այդ հեռացումները կազմակերպել, իրենք հեռացել են»,-նշել է քաղաքացին։
Նա ընդգծել է, որ պաշտպանելու են թե՛ իրենց երեխաների, թե՛ նրանց դաստիարակների շահերը:
«Մենք ուզում ենք, որ մեր դաստիարակները հետ վերադառնան տվյալ հաստատություն, բայց իրենք ասում են՝ կներեք, մենք չենք կարող մնալ այս անառողջ միջավայրում, այսինքն՝ խնդրի միակ լուծումը, մեր պարագայում նույնպես, որ մնանք այս մանկապարտեզում, տնօրենի հեռացումն է:
Մենք նաև դիմել ենք քաղաքապետարան, համապատասխան մարմիններին, ԿԳՄՍ նախարարություն, ստորագրահավաք է եղել, դիմում է ներկայացվել, 190 ծնողով, բոլորս ստորագրում ենք, մեր երեխաներին հեռացնում ենք, եթե տնօրենն ինքնակամ հեռացման դիմում չներկայացնի: Մեզ համար ավելի լավ է մեր աշխատավայրում խնդիր լինի, մենք հեռանանք, մեր երեխաները մնան ապահով ձեռքերում, քան այս վտանգի տակ լինեն»,- մանրամասնեց երեխայի ծնողը:




















