top of page

12 շաբաթ D վիտամին ընդունելն օգնում է վերագործարկել աղիների հիվանդություններ ունեցողների իմունային համակարգը

  • 4 days ago
  • 2 min read


Կարո՞ղ է արդյոք վիտամին D-ն օգնել վերականգնել հավասարակշռությունն աղիներում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր աղիների բորբոքային հիվանդություններ (ԱԲՀ) ունեն։

ԱԲՀ-ն քրոնիկական վիճակ է, որի դեպքում օրգանիզմի իմունային համակարգը սխալմամբ գրոհում է աղիները՝ առաջ բերելով հոգնածություն, որովայնի ցավեր, լուծ եւ քաշի ոչ միտումնավոր կորուստ։ Ենթատեսակներն են խոցային կոլիտը եւ Կրոնի հիվանդությունը, որոնց դեպքում ախտանշանները կարող են ի հայտ գալ պարբերաբար։

Cell Reports Medicine-ում վերջերս հրապարակված ոչ մեծ հետազոտությունն ուսումնասիրել է, թե արդյոք վիտամին D-ի հավելումը կարող է խթանել իմունային հանդուրժողությունը ԱՀԲ ունեցող մարդկանց մոտ: Հետազոտողներն ուսումնասիրել են խոցային կոլիտով կամ Կրոնի հիվանդությամբ տառապող 48 մեծահասակների, որոնք նաեւ վիտամին D-ի անբավարարություն են ունեցել: Մասնակիցները 12 շաբաթվա ընթացքում ստացել են վիտամին D-ի շաբաթական դեղաչափեր, արյան եւ կղանքի նմուշները հավաքվել են հետազոտության սկզբում եւ վերջում:

Հետազոտությունը գնահատել է հիվանդության ակտիվությունը, կյանքի որակը եւ բորբոքային ցուցիչները, այդ թվում՝ C-ռեակտիվ սպիտակուցը, ինչպես նաեւ երկու հիմնական իմունոգլոբուլինները՝ IgA եւ IgG: IgA-ն օգնում է կարգավորել աղիքային միկրոբիոտան, մինչդեռ IgG-ն կապված է բորբոքային ռեակցիաների հետ:

Արդյունքները ցույց են տվել, որ վիտամին D-ի հավելումը նպաստել է իմունային համակարգի փոխազդեցությունների «վերականգնմանը» աղիքային միկրոօրգանիզմների հետ՝ բարձրացնելով IgA մակարդակը եւ նվազեցնելով IgG-ն: Մասնակիցների մոտ նաեւ նկատվել է հիվանդության ակտիվության միավորների ն եւ բորբոքային մարկերների նվազում կղանքում, ինչն արտացոլում է ախտանիշների ընդհանուր բարելավումը։

Փորձագետները նշել են, որ վիտամին D-ն, կարծես, իմունային պատասխանը բորբոքային IgG-ից տեղափոխում է ավելի հանդուրժող IgA-միջնորդավորվածի՝ խթանելով իմունային հանդուրժողականությունը, այլ ոչ թե պարզապես ճնշելով բորբոքումը: Սակայն հետազոտությունը մեծ չէր, չռանդոմիզացված եւ կարճաժամկետ, ուստի արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ են ավելի լայն, վերահսկվող փորձարկումներ։

Չնայած արդյունքները հուսադրող են, մասնագետներն ընդգծել են, որ վիտամին D-ն չպետք է համարվի ԱԲՀ առանձին բուժում: Վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող հիվանդները կարող են օգուտ քաղել հավելումից՝ ավանդական թերապիայի հետ մեկտեղ, բայց անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ՝ օպտիմալ դեղաչափերը եւ երկարաժամկետ ազդեցությունները որոշելու համար։

1/2632
bottom of page