2034 էլեկտրոնային հսկողության սարք ունեն, որից 1905-ն արդեն կիրառվում է. Արդարադատության նախարարությունը հերքում է դեֆիցիտը
- Ani

- 3 hours ago
- 1 min read

Այլընտրանքային խափանման միջոցների համար էլեկտրոնային հսկողության սարքերը բավարար քանակի են։ Այս մասին ասաց Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը՝ հերքելով տեղեկությունները, թե սարքավորումների դեֆիցիտ է առաջացել։
Նախարարության խոսնակը նշեց, որ ընդհանուր առմամբ 2022 թվականից մինչ օրս Պրոբացիայի ծառայությանը մատակարարվել է 2034 միավոր էլեկտրոնային հսկողության սարք, որոնցից այս պահին կիրառվում է 1905-ը։
Այսինքն՝ 129 չկիրառված սարք կա։
Այլընտրանքային խափանման միջոցներով վարույթների քանակն ըստ խոսնակի՝ այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 1804, որոնցից 844-ը կրում է տնային կալանք, իսկ 960-ը՝ վարչական հսկողություն։ Վարչական հսկողության տակ գտնվող անձանցից 68-ը գտնվում են առանց էլեկտրոնային սարքերի կիրառման։
Ազատության սահմանափակում պատժատեսակով վարույթների քանակը 169 է։
Միաժամանակ խոսնակը պարզաբանեց, թե ինչ խնդիրներ կարող են առաջ գալ, ինչն էլ, հավանաբար, դարձել է սարքավորումների պակասի մասին խոսակցությունների պատճառ. «Պետք է մեկ հանգամանք ևս հաշվի առնել. ենթադրենք՝ X անձի տնային կալանքը մոտենում է ավարտին, և այդ անձից բնականաբար էլեկտրոնային սարքը վերցվում է ու տարվում է նախատեսված մեկ այլ անձի մոտ։ Հնարավոր է նաև, որ մի մարզում սարքավորումներ չլինեն, և դրանք բերվեն մեկ այլ մարզից՝ տնային կալանք կամ վարչական հսկողություն իրականացնելու համար։ Այսինքն՝ կարող են լինել գործնական փոքր խնդիրներ, բայց այն, որ սարքավորումներ չունենք, նման բան չկա»,- ասաց Մելքումյանը։
Նա նշեց, որ առաջիկայում սարքերի մատակարարման նոր խմբաքանակ է սպասվում։




















