top of page

Առաջարկվում է մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը դառնա մշտական նպաստ. Թորոսյան

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

ree

Կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը՝ սահմանվելով 500 հազար դրամ: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:


Թորոսյանը ծնելիության խթանման ծրագրերից նշել է ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի համար նպաստի ծրագրի մասին:


«Ամենայն հավանականությամբ շուտով ԱԺ կուղարկենք օրենքի նախագիծ, որով 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ»,-ասել է Թորոսյանը:


Նրա խոսքով՝ անապահովության համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմազավակ՝ 4 և ավելի, 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ:


«Օրենսդրական փաթեթում առաջարկելու ենք համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը, բոլորին դարձնել 500 հազար դրամ՝ առաջին և երկրորդ երեխաների 300 հազար դրամների փոխարեն»,-ասել է նախարարը:


Այս պահին ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին և երկրորդ երեխայի դեպքում 300 000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ։ Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու պարագայում 1․5 մլն դրամ է տրամադրվում ընտանիքին:

bottom of page