Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
- May 23
- 1 min read

Գրեթե 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել. դատարանը որոշում է կայացրել բավարարել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը, հաղորդում է Factor.am-ը։
Երկու տասնամյակից ավելի դատապարտյալը հայտարարում է, որ անմեղ է, որևէ առնչություն չունի իրեն վերագրվող սպանության հետ։
2003 թվականին բանակ զորակոչվելուց հետո 18-ամյա Արթուր Քոչարյանն այդպես էլ տուն չէր վերադարձել․ զորացրվելուց ընդամենը վեց ամիս առաջ զորամասում տեղի ունեցած սպանությունը վերագրվել էր Քոչարյանին և նրա երկու ծառայակիցներին։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր։ 2 օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։
Վաշտի զինծառայողներին նույն օրը սկզբում տեղափոխվել էին Ստեփանակերտի, ապա 20 օր պահվելուց հետո՝ ՀՀ ռազմական ոստիկանություն, որտեղ բռնության են ենթարկվել։ Արթուրի խոսքով՝ անտեսելով կիրառվող բռնությունը, հենց սկզբից հայտարարել է՝ որևէ կապ չունի ողբերգական սպանության հետ։
Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվել է ծառայակցի կեղծ ցուցմունքից։ «Չկար ոչ մի հետք, ոչ մի փաստ, որ մենք մեղավոր ենք»,- դեռևս ամիսներ առաջ FactorTV-ի հետ զրույցում ասել էր Քոչարյանը։ Արդեն դատաքննության փուլում ամեն ինչ շատ արագ էր կատարվել. ընդամենը 7 նիստով Քոչարյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, երկու ծառայակիցները՝ 15-ական տարվա ազատազրկման։
Ամիսներ առաջ Aysor.am-ը «Արմավիր» ՔԿՀ-ում զրուցել էր Արթուր Քոչարյանի հետ։
«Աստված քո ներսում է, հավատա քո Աստծուն». այս մի նախադասությունն ամբողջովին փոխեց իմ ներաշխարհը, սկսեցի հավատալ, որ Աստված յուրաքանչյուրի մեջ է ու քանի դեռ մենք չենք գտել մեր մեջ մեր Աստծուն, չենք կարող բաց աչքերով նայել երկինք ու Աստծուն շնորհակալություն հայտնել... իսկ ես գտա, գտա իմ մեջ իմ Աստծուն ու հանգստություն...»,- պատմել էր ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը։




















