Աջափնյակում արյունալի կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. Կա ձերբակալման որոշում
- 3 hours ago
- 1 min read

Աջափնյակում փետրվարի 18–ին, արյունալի կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին NEWS.am—ին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Ձերբակալման որոշում է կայացվել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայհրահեղ ծանր էր, երեքինը՝ ծանր։




















