Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը
- 8 hours ago
- 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երեկ ներկա է եղել Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի կենտրոնական՝ «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Միլանի «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում կայացած դիմակայությունն աչքի է ընկել դրամատիկ ընթացքով և ավարտվել տանտերերի կամային հաղթանակով՝ 3:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է 17-րդ րոպեին Անդրեա Կամբիասոյի ինքնագոլով, սակայն 9 րոպե անց թուրինցիների պաշտպանն ուղղել է սխալը՝ հավասարեցնելով հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Յուվենտուսը» մնացել է 10 հոգով. 42-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ դաշտից հեռացվել է Պիեռ Կալյուլուն:
Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, Ֆրանչեսկո Էսպոզիտոն առաջ է մղել «Ինտերին», սակայն քիչ անց Մանուել Լոկատելին խփել է հյուրերի պատասխան գնդակը։ Հանդիպման ելքը վճռվել է 90-րդ րոպեին՝ Պյոտր Զելինսկու խփած հաղթական գոլով:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է եղել խաղին, սակայն մնացել է պահեստայինների նստարանին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 61 միավոր և շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Յուվենտուսը» 46 միավորով նահանջել է 5-րդ հորիզոնական:




















