top of page

Հիմքում քաղաքական կոնտեքստն է. Մեդիա կազմակերպությունները՝ «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելու ՔՊ նախագծի մասին

  • Oct 21, 2025
  • 2 min read

Ազգային ժողովի օրակարգում է ընդգրկվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման դեպքում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո աշխատող «Շողակաթ» հեռուստաընկերությունը կզրկվի վերգետնյա հեռարձակման հնարավորությունից։ Կառավարության կողմից առաջարկվող այս փոփոխությունը տեղի է ունենում իշխանությունների և Մայր Աթոռի հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ քննադատելով Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագիծը, որը քննարկվելու է հոկտեմբերի 21-ի նիստում։

Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։

«Սրանից, ինչպես նաև օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է»,- նշում են հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները։

Ըստ նրանց՝ փոփոխության անհրաժեշտության պաշտոնական տեսակետը խիստ ընդհանրական, որոշ առումով ապակողմնորոշող բնույթ ունի, համոզիչ չէ և բազմաթիվ հարցեր է առաջացնում։

«Իրականում նախաձեռնության հիմքում ոչ թե վկայակոչված ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներն են, այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև, իսկ վերջինիս հետ էլ, ինչպես հայտնի է, սերտորեն փոխկապակցված է «Շողակաթ» հեռուստաընկերությունը»։

«Հատկանշական է, որ գործող օրենքի համաձայն՝ հեռարձակողները չեն կարող հիմնադրվել կամ հովանավորվել կրոնական կազմակերպությունների կողմից։ Այս մոտեցումը ՀՀ անկախության տարբեր ժամանակահատվածներում վերանայվել և փոփոխվել է․ արգելքը հանվել ու կրկին ներմուծվել է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ինչպես ժամանակին «Շողակաթ»-ի ներառումը հանրային հեռարձակողի համակարգ, այնպես էլ ներկայում հարցի վերանայումը զուտ կոնյունկտուրային է՝ այս անգամ վերոհիշյալ կոնֆլիկտով պայմանավորված։

Մինչդեռ, հանրային շահը պահանջում է, որպեսզի մշակութային, հոգևոր, կրթական, գիտական և նմանատիպ այլ թեմաները, որոնց լուսաբանումը, որպես կանոն, կոմերցիոն նպատակներ չի հետապնդում, բայց կարևոր է հասարակության զարգացման համար, հենց Հանրային հեռարձակողի առաջնահերթությունների մեջ լինեն։ Առաջարկված օրենսդրական փոփոխությունը հակառակ տպավորությունն է թողնում։

Պաշտոնական հիմնավորումներում վկայակոչված՝ «ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման և գործունեության օպտիմալացման» խնդիրը հնարավոր էր լուծել առանց այդ փոփոխության՝ պահպանելով կրթական-մշակութային ամբողջական ծրագիրը որպես այդպիսին։

Իրատեսորեն, դժվար չէ կանխատեսել, որ խորհրդարանական մեծամասնությունը կընդունի ներկայացրած օրինագիծը, մանավանդ որ այն արժանացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։

Այդուհանդերձ, նույնիսկ «առնվազն երկու ծրագիր» ձևակերպումն ընդունելը չի բացառում, որ հանրային հեռարձակողն ունենա երրորդ ծրագիրը՝ ամբողջությամբ նվիրված մշակութային, հոգևոր, կրթական, գիտական և նման այլ թեմաներին։ Սա է պահանջում հանրային շահը, և մենք կոչ ենք անում իշխանություններին՝ դիտարկել այն որպես գերակայություն և գնալ այդ ճանապարհով։

Բացի դրանից, հորդորում ենք սկզբունքորեն հրաժարվել մեդիա օրենսդրության նկատմամբ խիստ իրավիճակային մոտեցումներ դրսևորելուց, ինչը մտահոգիչ ավանդույթ է դարձել և վնաս է հասցնում ոլորտի արդյունավետ գործունեությանն ու զարգացմանը»։

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվական ինստիտուտ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի»

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»

1/2582
bottom of page