top of page

«Ես 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ պատերազմից հետո դա եղավ»․ Նազենի Հովհաննիսյան

  • 6 days ago
  • 2 min read


«Ես 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ: Պատերազմից հետո դա եղավ»,-«Հրապարակի»հետ զրույցում ասել է հաղորդավարուհի-դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը՝ պատասխանելով Հ1-ից հեռացող հաղորդավարների մասին հարցին։

«Իմ պատմությունը վաղուց է սկսվել: Բայց այստեղ հարցն այնքան իմ հեռանալը չէ, քանի որ աշխատավայր փոխելը լրիվ նորմալ է, հարցն այն է, որ վերջին տասը տարիների ընթացքում ես Հ1-ի սև ցուցակում եմ: Ասեմ` բոլորը չէ, որ հեռանում են: Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային: Նրանց մասին ոչինչ չեն խոսում, նրանց չեն ներկայացնում: Դա նրանց չգրված օրենքն է: Ես 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ: Պատերազմից հետո դա եղավ: Բայց այդ ամենը Հանրայինի հետ կապ չունի, առհասարակ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ձայն, կշիռ և ինչ-որ կերպ հասարակության շրջանում կարող են կարծիք ձևավորել, Հանրայինի համար անհարմարություն են ստեղծում:

Ինչ վերաբերում է Հ1-ում աշխատանքային գործունեությունս դադարեցնելուն, ապա 2012 թվականից եմ ես հեռացել այնտեղից: Պատճառը` մենք այլևս չունեինք անելիք միմյանց հետ, և ես որոշեցի հեռանալ, հատուկ բան չկար: Ես ցավում եմ իմ այն բոլոր կոլեգաների համար, ովքեր աշխատելով Հանրայինում, ունեն խոսքի սահմանափակ իրավունք և ողջունում եմ իմ այն բոլոր կոլեգաներին, ովքեր հանուն իրենց խոսքի ազատության չեն մնում այնտեղ և նախընտրում են լինել ազատ, խոսել ազատ: Ամեն դեպքում` այնտեղից տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են հեռանում»,-նշել է Նազենին։

Հավելենք, որ վերջերս տարբեր պատճառներով Հանրայինից հեռացվել են հայկական հեռուստատեսության ամենաազդեցիկ դեմքերից ևս երկուսը՝ Լուսինե Թովմասյանը և Խորեն Լևոնյանը։ 

Հաղորդավարուհի-մոդելը ինստագրամյան իր էջում հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է․

«Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրս։

Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցը, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա։

Ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով»,-իր հայտարարության մեջ նշել էր Լուսինեն։ 

Հայաստանի վաստակավոր արտիստ, հաղորդսվար, դերասան Խորեն Լևոնյանը Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման շրջանակում առաջին անգամ խոսել է այն մասին, որ այլևս չի աշխատում Առաջին ալիքում ու պարզաբանել, թե ինչու: Ըստ հաղորդավարի՝ որոշումը կայացվել է այն պատճառով, որ ինքը հրաժարվել է կոնկրետ արտահայտություն ասել Հանրայինի ամանորյա ֆիլմում:

1/2687
bottom of page