Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանին տրամադրել ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ աջակցության փաթեթ
- 4 hours ago
- 1 min read

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանին տրամադրել ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ աջակցության փաթեթ՝ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների ֆոնին։
Այդ մասին նա հայտնել է վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։
«Այսօր ես զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումները։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։ Երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք։ Մենք չափազանց լավ գիտենք այս գործելաոճը։ Հենց այդ պատճառով էլ Եվրոպան հաստատակամորեն աջակցում է Հայաստանին։
Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության միջոցառումների փաթեթ։ Այն ներառում է ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն։ Նախատեսվում են նաև առևտրի դյուրացման միջոցառումներ մի շարք հայկական ապրանքների, մասնավորապես՝ ագրոպարենային ոլորտի արտադրանքի համար»,-ասել է նա։
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի ամրապնդել կապերը եվրոպական և հայկական բիզնեսների միջև՝ Երևանում վերջերս կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունների հետագա առաջխաղացումը կքննարկվի փոխկապակցվածության հարցերով հարթակի նախարարական հանդիպման ժամանակ, որը նախատեսված է հունիսի 23-ին։
«Այս բոլոր ուղղություններով արդյունավետ համակարգում ապահովելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել ԵՄ–Հայաստան համատեղ աշխատանքային խումբ։ Այդ մարմինը կհետևի բոլոր այս նախաձեռնությունների, ինչպես նաև ապագայում նախատեսվող ցանկացած լրացուցիչ միջոցառումների իրականացմանը»,-հավելել է նա։




















