«Լուսավոր Հայաստան»-ում իմ առաքելությունը համարում եմ ավարտված․Դավիթ Խաժակյան
- 17 hours ago
- 1 min read

Դավիթ Խաժակյանը դադարեցնում է իր առաքելությունը «Լուսավոր Հայաստան»-ում։ Նա հայտարարություն է տարածել։ Ասում է՝ շարժվում է առաջ՝ նոր շնչով:
«21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:
Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար, այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:
Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։
Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:
«Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք...», - Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ նոր շնչով», - գրել է Խաժակյանը:




















